փոստային ցրիչը ծրարը չէր ձգել նամակների և լրագրերի համար դռան վրա շինված արկղիկը, ինչպես անում էր միշտ, այլ ներս էր ձգել դռան ճեղքից։ Սակայն դուռը դիտելով տեսավ, որ չկար այնպիսի մի ճեղք, որտեղից կարելի լիներ ներս ձգել այնքան հաստ ծրարը, ուստի այդ բանի վրա էլ զարմացավ։ Նորից մանրամասնորեն զննեց դռան չորս բոլորքը և, վերջապես, այն եզրակացության եկավ, որ ծրարը կարող էր ներս ձգված լինել դռան տակից, որովհետև այդտեղ կես մատնաչափ բացվածք էր մնում։ Զարմանքը փարատելուց հետո ծրարը ծոցը դրեց և շարունակեց սանդուղքն ավլել։
Որովհետև այդ օրը, ըստ սովորականին, հորից ու մորից վաղ վեր էր կացել Եվան, ուստի ծառան գտած նամակը նրան հանձնեց, հայտնելով, թե որտեղ էր գտել։
Եվան նայեց հասցեին և իսկույն ճանաչեց Աշխենի գիրը։ Նամակն ուղղված էր իր եղբորը՝ Արմենակին։ Ծառայից իմանալով, որ Աշխենը դուրս է գնացել վաղ առավոտյան, իսկույն գլխի ընկավ, որ ծրարը պատահմամբ ընկել է նրա գրպանից։
Այս դեպքը չափազանց զարմացրեց Եվային։ Նա գիտեր, որ Աշխենը երբեք իր կողմից առանձնապես նամակ չէր գրել Արմենակին։ Մարությանների կողմից հեռացած որդուն հաճախակի գնացող նամակները սովորաբար գրում էր կամ ինքը՝ Մարությանը, կամ Եվան,— առավելապես վերջինս,— իսկ ընտանիքի մյուս անդամներն իրենց կողմից մի քանի խոսքով բարևներ էին ավելացնում իրենց ստորագրությամբ, այնպես որ այդ նամակներն ընդհանուր բնավորություն ունենալով հանդերձ, բովանդակությունն էլ հայտնի էր լինում ամենքին։ Այս հանգամանքն ի նկատի ունենալով, Եվային խիստ անախորժ թվաց Աշխենի ծածկամտությունը, որը նա պարզ կերպով տեսնում էր թե գտնված նամակի փակ ծրարից և թե այն բանից, որ Աշխենը չէր հայտնել, թե ինքը նամակ է գրելու կամ արդեն գրել է Արմենակին և, ինչպես երևում է, ամենևին չպետք է էլ հայտներ, որովհետև պարզ է, որ նամակը գրել է ծածուկ և վերցրել է հետը, որ փոստը ձգի, հատկապես դրա համար դուրս գալով տնից այն ժամանակ,