երբ ամենքը քնած են եղել։ Բայց ի՞նչ է գրել նամակի մեջ, որ կամեցել է ծածուկ պահել։ Այս հարցն ահագին հետաքրքրություն զարթեցրեց Եվայի մեջ այն աստիճան, որ քիչ մնաց ծրարը պատռեր և նամակը կարդար։ Հազար ու մի կասկածներ անցան նրա գլխով, մեկը մյուսի ետևից վատ, հուզող և գրգռող։
Լսվեց զանգակի և ապա զգուշավոր քայլերի ձայն։ Եվան իմացավ, որ Աշխենն է։ Այդ միջոցին նա սանրում էր մազերը։ Էլ չսպասեց, որ վերջացնի, անհամբերությամբ դեն շպրտեց սանրը, շտապով առավ նամակի ծրարը և դուրս գնաց հորեղբոր աղջկա սենյակը։ Երբ նա մտավ, Աշխենը շտապով և նկատելի անհանգստությամբ ինչ-որ բան էր որոնում գրասեղանի վրա դարսված գրքերի մեջ։ Եվային տեսնելուն պես ցնցվեց և իր շտապ ու անհանգիստ որոնումը դանդաղեցրեց։
Եվան տեսավ այդ և առաջ չգնաց։ Կարճ ժամանակ լուռ ու փորձող հայացքով նայեց Աշխենին, հետո հարցրեց ծանրը ու հանգիստ ձայնով.
— Այդպես վաղ ո՞ւր էիր գնացել։
— Ուզում էի գնալ Վարոյի մոտ։
— Ուզո՞ւմ էիր գնալ... Չգնացի՞ր։
— Ո՛չ։ Կես-ճանապարհից ետ դարձա։
— Ինչո՞ւ։
— Որովհետև... նա ինձ մոտ մի գիրք ունի, մոռացել էի, որ հետս վերցնեմ իրեն տալու... չգիտեմ որտեղ եմ դրել...
Եվան ոչինչ չասաց։ Նրա վրա վատ տպավորություն գործեց այն հանգամանքը, որ Աշխենը սուտ էր խոսում, որ Վարոն նրա մոտ ոչ մի գիրք չուներ և նա ամենևին գրքի համար չէր եկել։
Ինքն՝ Աշխենը, առանց նրան նայելու, միմիայն նրա լռությունից զգաց, որ նա հասկացավ իր սուտը, և կարմրեց:
— Ես քեզ այսօ՛ր, ա՛յս առավոտ միայն ճանաչեցի, Աշխեն,— վերջապես ասաց Եվան զսպված ձայնով։— Դու ծածկամիտ և... ստախոս ես։