Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխենը տարակուսանքով նայեց Եվայի զայրացկոտությունից վառվող աչքերին։

— Զրպարտությո՞ւն։

— Այո՛, զրպարտություն,— շեշտեց Եվան, ձայնը բարձրացնելով։— Ի՞նչ է. չլինի՞ թե ուզում ես ուրանալ, որ զրպարտություն չես գրում այդ նամակի մեջ։

— Ի՞նչ զրպարտություն, Եվա... ո՞ւմ մասին։

— Մե՛ր մասին։

— Ձեր մասի՞ն...

— Այո՛, մե՛ր մասին՝ հայրիկի մասին, մայրիկի մասին, վերջապես ի՛մ մասին։

Աշխենն ապշությունից մինչև անգամ ժպտաց։

— Ի՞նչ ես ասում, Եվա...

— Ի՞նչ է, սուտ է՞, որ այդ նամակի մեջ չես գանգատվում, թե մենք ճնշում, նեղում ենք քեզ, թե ամեն րոպե երեսովդ ենք տալիս մեր բարերարությունը, և դրանից է, որ փախչում ես...

— Աստված է վկա, Եվա, դու գժվել ես այսօր։

— Ես չեմ գժվել, այլ ճշմարտությունն եմ ասում։ Եթե դու լավ աղջիկ ես, եթե որևէ բանի համար նեղացած ես մեզնից, ուղղակի մեզ կհայտնեիր դժգոհությունդ, և ոչ թե զրպարտություններ գրելով կաշխատեիր Արմենակին կռվեցնել մեզ հետ։

— Եվա, այդ դո՞ւ ես... այդ հիմարությունները դո՞ւ ես ասում։

— Մենք քեզ ոչինչ չենք արել։ Մենք մինչև անգամ ամեն կերպ աշխատել ենք քեզ հետ վարվել այնպես, որ դու ամենևին չզգաս, թե մեր տանն ապրում ես իբրև բարերարված մի որբ, իսկ դու... Դու վատ աղջիկ ես... Դու... դու ապերախտ ես...

— Դե, բավական է, Եվա,— աղաղակեց Աշխենը ծանր վիրավորանքի հանկարծական բռնկումով, և նրա աչքերը փայլեցին կատաղի զայրացկոտությամբ:— Ինչպե՞ս ես համարձակվում ինձ այդպիսի բաներ ասել... Հիմա՛ր, կոպի՛տ, անտա՛շ։ Ի՞նչ է նշանակում բարերարված որբ... Ի՞նչ է նշանակում ապերախտ... Հասկանո՞ւմ ես այդ բառերի իմաստը... մտածո՞ւմ ես, թե որքան վիրավորական է այդ ինձ համար...