Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ բառերը, որ մտքովդ անցնում են, ինչպե՞ս լեզուդ զոռում է արտասանել... Ես խո կմորթեի ինձ, եթե առաջուց իմանայի, որ ինձ վրա այդպիսի աչքով եք նայում... Ես կգնայի՝ մուրացկանություն կանեի փողոցում և, եթե քաղցած մեռնելիս լինեի, ձեր հացը կուտեի միմիայն նրա՛ համար, որ խեղդվեի... Ա՜խ, Եվա, Եվա, այս ինչե՜ր ես ասեցնել տալիս ինձ, այս ինչե՜ր ես ասեցնել տալիս,— հառաչեց Աշխենը և, նստելով սեղանի մոտ, գլուխը սեղմեց ձեռքերի մեջ անտանելի տանջանքով։

Եվան տեղնուտեղը ցամաքել էր։ Պարզ երևում էր, որ ամենևին չէր սպասում, թե իր խոսքերը կարող են այդպիսի փոթորիկ առաջ բերել։ Նա ուզեց խոսել, արդարացնել իրեն, բայց խոսելու տեղը հանկարծ լաց եղավ։

Աշխենը նայեց նրան տարակուսանքով, ուսերը վեր քաշեց և գլուխը նորից սեղմեց ձեռքերի մեջ։

— Հապա ինչո՞ւ նամակդ ծածուկ էիր պահում,— ասաց Եվան հեծկլտալով, թաշկինակն աչքերին սեղմած։

— Որ գաղտնի էի պահում, նշանակում է, թե զրպարտություննե՞ր եմ գրել ձեր մասին, և դու իրավո՞ւնք ունի և ինձ վիրավորելու,— նկատեց Աշխենն այս անգամ հանգիստ ձայնով:

— Մեղավո՞ր եմ, որ ծածկամտությանդ համար այդ ենթադրությունն եմ արել։

— Շատ վա՛տ ես արել։ Մեծ հիմարություն ես արել։ Ինչո՞ւ հակառակ ենթադրություն չէիր անում. չէ՞ որ ձեզնից շնորհակալ լինելուս և ձեզ գովելու դեպքումն էլ համեստությունս չէր թույլ տալ ինձ, որ նամակս ցույց տայի ձեզ։ Ինչ որ հաստատ հայտնի չէ, անպատճառ պետք է վատ մտքո՞վ բացատրել։

Աշխենը խոսում էր հանգիստ, բայց վերին աստիճանի դառնացած։ Եվան դադարել էր հեծկլտալուց և մնացել էր արձանացած։ Նա լիովին զգում էր իր հանցանքը, ամաչում էր և չէր իմանում ինչպես անի, որ ուղղի իր սխալը։

Աշխենը հանկարծ վեր կացավ, ուղղեց գլխարկը: Նամակը գրպանը կոխեց և դիմեց դեպի դուռը, առանց մի խոսք անգամ արտասանելու։