Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գնա՛, լավ. այլևս հարկավոր չէ քո ներումը, քանի որ, ինչպես երևում է, ընդունակություն չունիս անկեղծությունը հասկանալու,— ասաց՝ կրծքի վրա ընկած մազերի փունջը բարկացած ետ ձգելով։— Դու պեդանտ ես, և ես զարմանում եմ ինձ վրա, թե ինչպե՞ս կարողացել եմ քեզ այսքան սիրել, քանի որ մեր բնավորություններն այսքան հակառակ են իրար, և դու կարծես զոռով աշխատում ես, որ քեզ ոչ ոք չսիրի։ Մի՞թե չես հասկանում, որ քո մի հասարակ, քաղցր խոսքն այս րոպեիս ավելի ազդու և խրատական կարող էր լինել ինձ համար, քան թե այդ սառն, հպարտ վարմունքը։ Եվ այդպիսի չորացած սրտով ուզում ես նվիրել քեզ մի գործի, որին ծառայելու համար ջերմ զգացում, վառ սեր, փափուկ սիրտ է հարկավոր...

Նա լռեց վիրավորված հպարտությամբ, հեռացավ դեպի լուսամուտը և, նայելով դեպի դուրս, սկսեց հյուսել արձակ մազերն արագ-արագ և մեքենայաբար։

Երկար ժամանակ լռություն տիրեց:

Եվան սպասում էր, թե Աշխենը կխոսի, բայց Աշխենի ձայնը չէր լսվում։ Ոչ միայն այդ, այլև ոչ մի բանից չէր երևում, թե նա ներկա է սենյակում։ Եվային թվաց, թե նա գնացել է, բայց, ետ նայելով, զարմանքով տեսավ, որ նա կանգնած է դռան մոտ, արձանի նման և նայում է իրեն խիստ օտարոտի հայացքով։ Այդ հայացքն այլևս առաջվա սառն, հպարտ հայացքը չէր, այլ ինչ-որ անակնկալ հայտնություն գտած և այդ հայտնագործությունից ապշած մի հայացք, որ ուղղված է դեպի ներս, դեպի սեփական հոգու խորքը։

— Գնա, էլի՛, ի՞նչ ես կանգնել,— նկատեց Եվան, ավելի ու ավելի զարմանալով։

Աշխենը դարձյալ մի րոպե նայեց նրան նույն հայացքով, հետո մեքենայաբար նստեց հենց այնտեղ, դռան մոտ դրված աթոռի վրա և տեղնուտեղը սառեց։ Այս անգամ նա թույլ կերպով վայր թողած ձեռքերով, հատակին հառած մտախոհ հայացքով և անշարժ դրությամբ նմանում էր անմխիթար մի սգավորի։

Եվան կատարելապես ապշել էր։ Նա չէր հասկանում, թե հանկարծ ինչ մի հեղաշրջում էր կատարվել հորեղբոր