Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջկա մեջ, որ նրան այդպես կերպարանափոխել էր։ Նա այլևս չէր համարձակվում ձայն հանել և չռած աչքերով նայում էր Աշխենին սպասողական դրության մեջ։

— Չորացած սրտով... չորացած սրտով,— վերջապես արտասանեց Աշխենը շատ կամաց, մտքով ինքն իր մեջ կենտրոնացած։— Դու իրավունք ունիս... Սրտիս ըմբռնողությունը չորացել, բթացել, անզգա է դարձել... Այո՛, իրավունք ունիս ինձ հանդիմանելու, որ քեզ իսկույն չհասկացա...

Նա ձեռքը ձգեց աթոռի միջովը և աչքերը պինդ սեղմեց կռան վրա։

— Բայց մեղավորը ես չեմ, այլ... այն դժբախտ հանգամանքը, որ այսպես ավերել, ծերացրել է սիրտս...

Նրա ձայնն արագորեն խլացավ և հանկարծ կտրվեց։ Եվային թվաց, թե արտասուքը խեղդում է նրան, և նա մեծ ջանք է գործ դնում, որ չհեկեկա։ Նա մեքենայաբար մի քանի քայլ առաջ գնաց, բայց հանկարծ կանգ առավ փշաքաղվելով. Աշխենի նիհարած ուսերը և մեջքը ցնցվում էին ջղաձգաբար։ Եվ նորից առաջ վազեց։

— Աշխեն ջա՛ն... դու լալիս ես,— արտասանեց, չոքելով հորեղբոր աղջկա առաջ և քնքշությամբ գրկելով նրա ծնկները։

Այս անգամ Աշխենի ամբողջ մարմինը ցնցվեց։ Նա աչքերն ավելի պինդ սեղմեց կռան վրա, բայց և այնպես զսպած հեկեկանքը, կարծես կուրծքը պատռելով, դուրս ժայթքեց նրա սեղմած բերանից։ Եվան այս անգամ ուղղակի կպավ նրա ծնկներին, և նրա աչքերը լցվեցին խոշոր արցունքով։

— Աշխեն ջան, մի՞թե քեզ դարձյալ վիրավորեցի... Հա՞, վիրավորեցի՞։ Բայց չէ՞ որ ես հիմար եմ, և մի՞թե արժե նեղանալ ինձնից։ Աղաչում եմ, մի՛ լար... Բավական է... Աստված է վկա, ես երբե՛ք, երբեք չեմ վիրավորիլ քեզ... Դե, բավական է, ասում եմ... Աշխեն ջան, լսո՞ւմ ես։

Աշխենը նստեց ուղիղ, երկու ձեռքով պինդ փաթաթվեց Եվայի վզովը, և գլուխը կպցրեց նրա գլխին։

— Ինչո՞ւ ես կարծում, թե ես նրա համար եմ լալիս, որ դու վիրավորել ես ինձ,— խեղդող հեկեկանքի միջից արտասանեց նա։— Ո՛չ, ո՛չ։ Եվա ջան։ Ես լալիս եմ, որովհետև