այլևս չեմ կարող չլալ... լալիս եմ, որովհետև այս արցունքը վաղուց է, որ ծանրացել է սրտիս վրա. դու միայն առիթ եղար, որ այլևս չկարողացա զսպել ինձ... Որ գիտենաս, թե ինքս իմ մեջ կենտրոնացած, ամենքից, այո՛, ամենքից, նույնիսկ քեզնից ծածուկ հոգեկան ինչպիսի՛ տանջանքներ եմ կրել ես... Ինչպիսի՛ դառն, ինչպիսի՛ սպանիչ թախիծ շարունակ կրծել է սիրտս... Ամեն րոպե, ամեն վայրկյան ստիպված եմ եղել ճնշել, մեռցնել մանուկ սրտիս բաղձանքները, վառ երևակայությանս թռիչքը... Գիտակցությունս անողոք դահիճի պես շարունակ ջախջախել է իմ մեջ ա՛յն, ինչ որ կյանքի հետ մի անգամ է միայն տրվում մարդու... Այդ է պատճառը, որ ես հոգով ու սրտով այդպես չորացել, այդպիսի անհյութ ու անալի արարած եմ դարձել... Քո մանուկ սիրտն է միայն, որ կարողացել է այդպիսի սիրով կապված մնալ ինձ հետ...
Աշխենը դադարեց հեկեկալուց, արագ շարժումով թողեց Եվայի վիզը և բռնեց նրա ձեռքերից։ Արտասուքից կարմրած աչքերը ներքին հուր և միևնույն ժամանակ սաստիկ տանջանք էին արտահայտում։ Նա, կարծես, տենդի մեջ էր։
- Լսի՛ր, Եվա,- շարունակեց նա ձայնն այնպես ցածրացնելով, որ համարյա շշնջում էր։— Լսիր. քեզնից այլևս չեմ կարող թաքցնել։ Ես սիրում եմ քո եղբորը... սիրում եմ ոչ այնպես, ինչպես որ դու մինչև այժմ կարծել ես... Նա էլ ինձ է սիրում... Մենք բաժանվեցինք իրարից, որովհետև մեր միացումն անկարելի էր... Նա հեռացավ... Ես էլ հեռանում եմ... Մի ամբողջ տարի, տարուց էլ ավելի է, որ մենք իրար հետ առանձնապես ո՛չ մի հաղորդակցություն չենք ունեցել, որովհետև խոսք ենք տվել իրար մոռանալ... Բայց այդ հեշտ չէ, այդ անկարելի է... Գոնե ես չեմ կարողացել մոռանալ նրան և չեմ կարող... Գիշեր-ցերեկ, ամեն ժամ, ամեն րոպե, չնայելով ինքս ինձ զսպելուս, ամբողջ սրտովս, ամբողջ էությամբս դեպի նա եմ ձգտել... Կարոտը, սաստիկ կարոտն անասելի տանջանք է պատճառել ինձ... Իսկ երեկ գիշեր այդ կարոտն այն աստիճան հասավ, որ չկարողացա խոստումնազանց չլինել և գրեցի այդ նամակը, որ այսօր քո ձեռքն է ընկել... Ճշմարիտ է, այդ նամակն ուզում էի ինչպես ամենքից, այնպես և քեզնից ծածուկ պահել, որովհետև... ա՜խ, Եվա, իմ անգի՛ն Եվա, մի՞թե կուզեի քեզ