կորցնել, մի՞թե կուզեի, որ սառեիր ինձնից, մի՞թե կուզեի, որ ուրիշ աչքով նայեիր ինձ, չէ՞ որ այդ մահ կլիներ ինձ համար, թեև, երդվում եմ արևովս, այն՝ ինչ որ տածում եմ դեպի քո եղբայրը, սուրբ է, սրբությունից էլ բարձր և այդպես էլ կմեռնի, եթե միայն կմեռնի... հանցավո՞ր եմ արդյոք այդ սիրո մեջ և այն բանում, որ աշխատել եմ այդ սերը ծածուկ պահել քեզնից, չգիտեմ, քո դատաստանին եմ ապավինում, բայց...
Նա խոսքը չվերջացրեց և դեմքը ծածկեց ձեռքերով։
Եվան՝ ինչպես որ չոքած էր նրա առաջ, այնպես էլ մնացել էր արձանացած։ Աշխենի խոստովանությունն այնքան անակնկալ, այնքան հեռու էր նրա մտքից, որ նրան թվում է, թե երազումն է։ Նրա դեմքը սառել, աչքերը չռած էին մնացել անմիտ արտահայտությամբ։
— Նամակի մեջ գրում եմ այն, ինչ որ այժմ հայտնեցի քեզ,— շշնջաց Աշխենը, ձեռքերը դեմքից չհեռացնելով։— Հայտնում եմ, որ գնում եմ գյուղը և խորհրդածություններ են առհասարակ կնոջ և մասնավորապես իմ ապագայի գործունեության մասին։ Ուզում ես, տամ կարդա։
Եվան վեր կացավ նրա առջևից և մեքենայաբար թափ տվեց փեշերը։
— Ոչ, ի՞նչ հարկավոր է,— ասաց սառած ձայնով։
— Որպեսզի չկասկածես։
— Ոչ, հարկավոր չէ,— կրկնեց Եվան և հանգիստ քայլերով դիմեց դեպի իր սենյակի դուռը։
Աշխենը արագությամբ վեր կացավ, ուզեց բան ասել, բայց նորից ընկավ աթոռի վրա և դեմքը նորից ծածկեց ձեռքերով։
Եվան, առանց ետ նայելու, նույն հանգիստ քայլերով դուրս գնաց և դուռը կամաց ետ դրեց իր ետևից։
Եվայի առաջ իր խոստովանությունն անելով, Աշխենը կարծում էր, թե պիտի թեթևանա երկար ժամանակից ի վեր իր սրտի վրա ծանրացած գաղտնիքը. բայց ընդհակառակը — նրա տանջանքների վրա նոր տանջանք ավելացավ։ Տեսնելով,