Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավելապես զգալով այն անկարեկից սառնությունը, որով Եվան ընդունեց իր խոստովանությունը, նրան թվաց, թե անդառնալի կերպով կորցրեց մի թանկագին բան. կորցրեց իր հեղինակությունը Եվայի առաջ, կորցրեց նրա սիրտը, կորցրեց նույնիսկ նրա հետ ունեցած ազգակցական բարոյական կապը։ Այժմ նա լիովին զգաց, որ վերին աստիճանի կեղծ պիտի լինի իր դրությունն այդ տան մեջ և ապրել այնտեղ այլևս անհնարին կլինի իր համար։ Նրան մխիթարում էր այն հանգամանքը միայն, որ այդ գիշեր պետք է հեռանար։

Աղախինը մտավ և ասաց, որ նրան սպասում են թեյ խմելու։

Ոչ թեյի ախորժակ ուներ, ոչ էլ ցանկություն Մարությանների մոտ գնալու։ Երկյուղի և ամոթի նման մի անդիմադրելի զգացում ստիպում էր նրան խույս տալ Մարությանների աչքին երևալուց։ Թեև ամենևին չէր կարծում, թե Եվան այնքան հիմար կլինի գտնված, որ իր խոստովանությունը հայտնած կլինի ծնողներին, այնուամենայնիվ նրան թվում էր, թե ամբողջ տունն արդեն իմացել է իր գաղտնիքը, և ամենքը խիստ թշնամական աչքով պիտի նայեն իրեն։ Այդ ծանր տեսակցությունից գեթ առժամանակ ազատ մնալու համար ուրախությամբ կգնար օր. Սահակյանի մոտ, եթե արդեն ուշ չլիներ։ Բայց սենյակում փակվելն էլ միտք չուներ. դրանով կարող էր կասկածի առիթ տալ։ Ուստի գւխարկը վերցրեց, վերարկուն հանեց և դուրս գնաց դեպի սեղանատուն, աշխատելով ընդունել իր սովորական անտարբերությունը, որը, սակայն, այս անգամ հուսահատական համարձակության էր նմանում։

Սեղանի վրա քլթքլթում էր փոքրիկ մաքուր հեշտաեռը։ Թեկլեն արդեն լցրել էր թեյի բաժակները և ջուր էր ավելացնում թեյնոցի մեջ։ Նրա մոտ նստած էր փոքրիկ Սուրենը և մեղր ու կարագով հաց էր ուտում։ Եվան նստած էր սեղանի ծայրին և այդ օրվա լրագիրը սեղանի վրա փռած՝ ամբողջ մարմնով խոնարհվել էր նրա վրա։ Մարությանը խալաթը հագին, նստած էր հեռու՝ լուսամուտի մոտ և նույն օրվա մի ուրիշ լրագիր էր կարդում: