Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շեմքում կանգնած էր Եվան և անշարժ, համարյա անզգա հայացքով նայում էր ծրարին, որը կրակի բոցերի մեջ ծանր կերպով կարմրեց, սևացավ, ծայրերից ոլորվեց և ապա բոցավառվեց։

— Այն նամակն էր,— ասաց Աշխենը, կարծես պաշտպանելով իրեն մի բանի դեմ։

Եվան հայացքը նրա վրա դարձրեց։

— Ինչո՞ւ այրեցիր։

— Այրեցի, որովհետև... այդ նամակը եղավ պատճառը, որ իմ ու քո միջև բացվեց այս... անդունդը։

— Ի՞նչ անդունդ։

— Չգիտեմ, բայց ինձ թվում է, ես զգում եմ, որ մեր միջև արդեն ինչ-որ անդունդ է բացվել... թվում է, թե ես արդեն օտար և ատելի եմ քեզ համար։ Չէ՞ որ դու արդեն գիտես, որ եղբորդ հեռանալու, իր ընտանիքից, իր հարազատներից անջատվելու գլխավոր պատճառն ես եմ, ե՛ս, որ այդ բանից հետո դեռ երես եմ ունեցել ձեր խնամքը վայելելու...

Աշխենի ձայնը հնչում էր խաղաղ. նա այդպես խոսում էր, ամենևին միտք չունենալով, թե ուզում է իրեն վիրավորված ցույց տալ կամ վիրավորել։

Եվան ոտը ներս դրեց շեմքից, դուռը փակեց և, արագ քայլերով մոտենալով Աշխենին, կանգ առավ ուղղակի նրա առաջ։

— Լռիր, Աշխեն,— համարյա շնչասպառ շշնջաց նա։— Այդ դո՞ւ ես այդպես մտածում, թե քեզ թվում է, թե՞ դու համոզված ես, որ ե՛ս եմ այդպես մտածում։

Աշխենը դեմքը դարձրեց նրանից։

— Դու ես այդպես մտածում... Եվ կատարյալ իրավունք ունիս...

— Իրա՞վ, իրա՞վ, դու այդպե՞ս ես համոզված։

Աշխենն իսկույն չպատասխանեց։

Եվան սպասում էր անհամբեր։

— Հապա ինչո՞ւ, որ խոստովանեցի, այնպես սառեցիր,— վերջապես արտասանեց Աշխենը, և նրա ձայնը դողաց։— Ինչո՞ւ մի խոսք, կարեկցության, սփոփանքի մի խոսք անգամ չասացիր...