Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չասացի, որովհետև.. ի՞նչ կարող էի ասել,— արագ վրա բերեց Եվան։— Չասացի, որովհետև... հիմա էլ, մինչև այժմ էլ ինձ թվում է, թե երազումս եմ... մի՞թե ինքդ չես հասկանում, որ խոստովանությունդ ուրիշ կերպ չէր կարող ազդել ինձ։ Չէ՞ որ այդ նորություն էր ինձ համար, անսպասելի, աներևակայելի, անկարելի նորություն... Եղբայրս և դո՞ւ... Ինչպե՞ս, ե՞րբ, մի՞թե... Բայց ինքդ ասացիր, որ այդ իրողություն է... Ի՞նչ կարող եմ ասել... Իրավո՞ւնք ունիմ խառնվելու... Ո՛չ, այդ չեմ թույլ տալ ինձ և չեմ էլ կարող... և չեմ էլ ուզում... Տեսնում ես, բացատրություն, մանրամասնություն էլ չեմ պահանջում, որովհետև... չեմ ուզում, որովհետև գիտեմ, որ այդ ծանր պետք է լինի քեզ համար և... ինձ համար... Բայց այդ դեռ իրավունք չի տալիս քեզ մեր միջև անդունդ տեսնելու։ Այո՛, դու իրավունք չունիս, լսո՞ւմ ես, իրավունք չունիս, իմ տեղ վատ-վատ բաներ մտածելու քո մասին։ Հենց այս առավոտ, փոքր-ինչ առաջ էր, որ դու սաստիկ նեղացար ինձնից, թե ինչո՞ւ թույլ էի տվել ինձ քո տեղ վատ բաներ մտածելու մեր մասին։ Այժմ խո ես է՞լ իրավունք ունիմ նեղանալու քեզնից։ Ասա, ունի՞մ, թե ոչ։

— Ունիս, ունիս,— շշնջաց Աշխենը, տեսնելով, որ զգացումների և կասկածների տարօրինակ խառնաշփոթությունից կորցրել է իր առաջվա սառնասրտությունը, լոգիկան, բոլոր քաջությունը։

Եվան առավ նրա ձեռքերը։

— Ա՜խ, Աշխե՛ն, քույրի՛կս,— ասաց զգացված,— իզուր ես կարծում, թե ես այլևս առաջվա Եվան չեմ, քո՛ Եվան, և իզուր ես կարծում, թե այսուհետև օտար ես ինձ համար, և ես ատում եմ քեզ։ Ատե՞լ... Ես մինչև անգամ չեմ կարող հասկանալ, թե ինչպե՛ս և ի՛նչ բանի համար կարելի է ատել։ Ես սիրել միայն կարող եմ, չափից դուրս սիրել և դրանից է, որ քեզ այսօր այնքան տհաճություն պատճառեցի։ Զգացողությունս այնքան նուրբ է, որ ամեն մի արտասովոր երևույթ ցնցում է ամբողջ էությունս։ Նույնը պատահեց և այսօր։ Բայց երբե՛ք, երբե՛ք մի կարծիր, թե խոստովանությունդ վատ տպավորություն է թողել ինձ վրա։ Ընդհակաոակը. ես հետզհետե զգում եմ, որ դու և եղբայրս սաստիկ բարձրանում եք իմ աչքում, այնքա՛ն բարձրանում, որ մինչև անգամ