Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չեմ կարող բառերով արտահայտել... Ես հիացած եմ... ես երջանիկ եմ...

Եվան քնքշորեն գրկեց նրա նիհար իրանը։

— Եղբայրս վաղուց է գնացել, դու էլ այս գիշեր ես գնում,— անհուն սիրով և տխրությամբ շշնջաց նա։— Մինչև այժմ աղոթում էի միայն եղբորս համար, այսուհետև կաղոթեմ և՛ քեզ համար։ Իսկ երբ վերադառնաս, այն ժամանակ... ա՜խ, ինչպիսի՜ կարոտով կսեղմեմ քեզ կրծքիս...

Եվ Եվան դեմքը սեղմեց Աշխենի կրծքին։

Աշխենը պինդ գրկեց նրա գլուխը:

Սենյակում խուլ հեկեկանքի ձայներ լսվեցին։

20

Չնայելով որ Շահյանն ինքն էր Մինասյանին հրավիրել հյուրանոցից իր մոտ տեղափոխվելու, բայց և այնպես ընկերոջ ներկայությունն իրենց տանը շատ էլ հաճելի չէր նրա համար։ Նա սովոր էր միայնակեցության, իսկ ընկերոջ ներկայությունը ճնշող դրության մեջ էր դրել նրան, թեև Մինասյանը իր գործերի ետևից ընկած, գրեթե ամբողջ օրը դուրսն էր անցկացնում և գալիս էր միայն գիշերները՝ քնելու։ Շահյանը չէր սիրում Մինասյանին, թեև նրա մեջ ատելի ոչինչ չէր գտնում։ Թերևս դրա պատճառն այն էր, որ այդ եռանդուն, այդ գործունյա երիտասարդի մեջ կենդանի նախատինք էր տեսնում իր անշարժության, իր անպետքության համար, մանավանդ որ Մինասյանը, տեղն ընկած ժամանակ, չէր քաշվում նրա ինքնասիրությունը վիրավորող կծու-հեգնական խոսքեր ասել նրան բարեկամորեն։ Ի ներքուստ Շահյանը սաստիկ վիրավորվում էր այդ կշտամբանքներից, բայց, զգալով իր թուլությունը, լռությամբ համաձայնում էր ընկերոջ նկատողություններին և այդ պատճառով ավելի ևս նվաստանում էր ինքն իր աչքում։

Մինասյանից իմանալով, որ նրա գտած վարժուհին Աշխենն է, Շահյանը սկզբում խիստ զարմացավ, հետո ինչ-որ օտարոտի մի թախիծ պաշարեց նրան։ Արդեն ծանոթ լինելով Աշխենի հայացքներին, նա հասկանում էր, որ այդ օտարոտի