Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջիկն իր ամեն կերպ ապահովված ու հանգիստ կյանքը զոհում էր գյուղական վարժուհու չարքաշ կյանքին նրա՛ համար, որ իր ուժերին չափ ծառայած լինի ուրիշի բարօրության օգտին։ Դա նոր առիթ էր Շահյանի համար նորից իր սեփական ապիկար անձի դառն քննությանը դառնալու և այնքան ավելի զորեղ առիթ, որքան պատճառը մի աղջիկ էր հանդիսանում։ Նա իրեն շրջապատված էր տեսնում վեհ նպատակների համար անձնական թանկ զոհողություններ անող անձերով, մինչդեռ ինքը փտում էր սենյակի չորս պատերի մեջ, ժամանակը սպանելով Շոպենհաուերի փիլիսոփայության վերաբերյալ շատ տեղ չհասկացած մի գրվածքի թարգմանության վրա։ Շահյանի թախիծն ավելի ևս սաստկանում էր, իր աչքում նա ավելի ևս չնչին, անպետք և ողորմելի արարած էր ներկայանում, երբ Մինասյանը սկսում էր խոսել Աշխենի մասին հիացմունքով։

Մինասյանի և Աշխենի ուղևորության օրը Շահյանն ընկերոջը ճանապարհ դնելու համար ամենևին ցանկություն չուներ երկաթուղու կայարան գնալու, որովհետև առաջուց զգում էր, որ այդ գիշերվա հրաժեշտի ողջույնները մի անջնջելի դառնություն պիտի թողնեին իր առանց այն էլ դառն սրտի վրա։ Եվ, որպեսզի պատրվակ ունենար ընկերական այդ սովորական պարտականության անկատար թողնելն արդարացնելու, ուզեց պատճառ բերել հոր հիվանդությունը, որը վերջին օրերը, հիրավի, վտանգավոր բնավորություն էր ստացել, բայց, աստված գիտե ինչ բանից, ամաչեց և գնաց։

Գնացքը մեկնելուց մի ժամ առաջ Մինասյանն ու Շահյանն արդեն կայարանումն էին։ Կայարանի դահլիճներում փոքր առ փոքր սկսում էր խռնվել ուղևոր, ճանապարհ դնող և ճանապարհորդներ սպասող սովորական բազմալեզու և բազմատարազ հասարակությունը։ Դասական բոլոր պիտույքները մի արկղի մեջ մեխած՝ Մինասյանը հանձնել էր ապրանքների մասը և, ընկերոջը թողած, ինչ-որ հին բարեկամ էր գտել, որի հետ սկսել էր մի երկար ու բարակ խոսակցություն։ Շահյանը կանգնած էր մենակ և նախանձով դիտում էր Մինասյանին, որ իր պարզ վարվեցողաթյամբ, իր հասարակ, մինչև անգամ անճոռնի հագուստի մեջ ակամա համակրանք գրավող ինչ-որ ինքնուրույն բան էր ներկայացնում: