Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եկել եմ ընկերոջս ճանապարհ դնելու,— ասաց Շահյանը ժպտալով և ընդհանուր բարև տվեց ամենքին։

— Այդ ի՞նչ ընկեր է:

— Այս պարոնը,— ասաց Շահյանը, ցույց տալով Մինասյանին։

Մարությանը արագ նայեց Մինասյանին, հետո՝ դարձյալ Շահյանին։

— Մի՞թե դուք ընկեր եք իրար,— հարցրեց նա զարմացած։

— Եվ հին ընկերներ,— նկատեց Մինասյանը ժպտալով։

— Ա՛յ քեզ նորություն։ Լավ, երբ որ այդպես էր, ինչո՞ւ մի անգամ միասին չեկաք մեզ մոտ։ Քան թե այստեղ ենք ծանոթանում, հազիր մեր տանը կծանոթանայինք և ժամանակ էլ կունենայինք խոսելու։ Բայց մեղքը ձերը չէ, իհարկե, մեղքը նախ օր. Սահակյանինն է, որ հարկ է համարել այս բանը սարքելու առանց մեր գիտության. այս մասին մենք արդեն բավական կռվել ենք իրար հետ.— հետո մեղավոր է պարոն Շահյանը, որը չեմ իմանում ինչու խռովել է մեզնից և այլևս չի գալիս մեր տուն։

Շահյանը փորձեց իրեն պաշտպանել։

— Ինչևիցե. այդ մասին ես ուրիշ ժամանակ կկռվեմ ձեզ հետ,— վրա բերեց Մարությանը։— Իսկ այժմ գնամ տեսնեմ ինչ արին մեր նոր վարժուհու իրեղենները։

Եվ Մարությանը շտապեց դեպի բագաժի բաժանմունքը։

Նրա բացակայության ժամանակ Մինասյանը օր. Սահակյանին ծանոթացրեց Շահյանի հետ։ Օր. Սահակյանն իր նոր ծանոթի ակնոցներին նայեց այնպիսի համառ հետաքրքրությամբ, որ Շահյանը հասկացավ, թե նա առաջուց արդեն լսել է և շատ էլ լավ գաղափար չի կազմել իր մասին։

Մի քառորդ ժամից ամենքը նստած էին դահլիճում, մի սեղանի շուրջը բոլորած, և Մարությանը երիտասարդական աշխուժով հյուրասիրում էր սեղանակիցներին արտասահմանի գարեջրով։

— Խմեցեք, խմեցեք, այս մեր ճանապարհորդների կենացն է,— ասում էր նա։— Պարոն Մինասյան, ձեր կենացը։ Ափսոս, հազար ափսոս, որ նոր ենք ծանոթանում։ Ցանկանում եմ ձեր սկսած գործին կատարյալ աջողություն և հարատևություն: