Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապրիք, լավ գործ եք սկսել։ Աշխեն, քո կենացը։ Բարի ճանապարհ և բարի վերադարձ։ Ցանկանում եմ, որ մեզ նամակի կարոտ չթողնես։ Ի նկատի ունեցիր, որ մեր ուշքն ու միտքը միշտ քո կողմը կլինի։ Եվա ջան, վերցրու բաժակդ։

Եվան վերցրեց բաժակը, հազիվ կպցրեց շրթունքներին և վայր դրեց։

Նույնն արեցին և մյուսները, բացի Մինասյանից, որը, շնորհակալություն հայտնելով, դատարկեց բաժակը։ Բայց ամենքը լուռ էին։

— Ա՞յս ինչ է, միայն ե՞ս էի պարտավոր բարի ճանապարհ մաղթելու,— նկատեց Մարությանը զարմացած և դարձավ օր. Սահակյանին։— Օրիորդ, ո՞րտեղ է ձեր լեզուն։

— Ես ցույց կտայի ձեզ լեզուս, եթե անքաղաքավարություն շլիներ այդ,— ծիծաղեց օր. Սահակյանը։

— Օհո՛, այդ լավ բան ասացիք։ Ինձ վրա լեզու հանել հարկավոր չէ. ես ուզում եմ, որ դուք խոսեք։

— Այդ բանը պահանջեցեք ձեր աղջկանից։ Տեսեք ինչպես է նստած։

— Եվայի՞ց... Եվայից ես միայն մի բան կարող եմ պահանջել, որը, ասենք, առանց իմ պահանջելու էլ կանի — մի քիչ էլ լաց լինել:

Եվան, առանց կատակի, հոնքերը կիտեց և դեմքը բարկացած շրջեց հորից։

— Լավ, էլ ինչո՞ւ ես ինձ վրա բարկանում,— նկատեց հայրը,— բարկացիր Աշխենի վրա։

Աշխենը, որ նստած էր Եվայի մոտ, թեքվեց դեպի նա և շշնջաց նրա ականջին.

— Եվա, ինչո՞ւ ես ինձ այսպիսի անհարմար դրության մեջ դնում։

Եվան ոչինչ չասաց, թաշկինակը հանեց և ծայրով սրբեց աչքերից դուրս ցայտած արտասուքը։

— Չասացի՞, չասացի՞,— բացականչեց Մարությանը և ծիծաղեց։ — Մի բան ասեմ, պարոններ. կա՞ արդյոք աշխարհիս երեսին մի ուրիշ տեղ, ուր այնքան շատ արտասուքներ լինին թափվում, որքան երկաթուղիների կայարաններում, նավամատույցներում և առհասարակ այն տեղերում,