Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց վերջին տարիներս նա էլ չի երևում։ Ասում են, հիվանդ է, ճշմարի՞ տ է։

— Այո։ Տնից բոլորովին դուրս չի գալիս։

— Ի՜նչ եք ասում։ Ինչո՞վ է հիվանդ։

— Իսկապես... ինքս էլ չգիտեմ։ Բժիշկները ասում են, որ աղիքների հիվանդություն ունի։ Բայց շատ է տանջվում. երբեմն ցավից այնպես բղավում է, որ ականջ պետք է՝ դիմանա։

— Ի՜նչ եք ասում։ Խե՜ղճ մարդ։ Ես հիշում եմ, որ նա այդպիսի մի հիվանդություն ուներ։ Երևում է, հնացել է, ժամանակին չի բժշկվել։ Ի սեր աստծո, տուն որ գնաք, բարևեցեք նրան իմ կողմից և ասացեք, որ ես անկեղծ ցավում եմ և չեմ մոռացել իրեն։ Կասե՞ք։

— Ուրախությամբ։

— Ներեցեք, ես մոռացա ձեզ ազգանունս հայտնել.— Մարության Գևորգ: Ձեր հայրն ինձ իսկույն կհիշի: Հա՜յ գիդի աղա Կարապետ... Հախ աստծո, շատ լավ մարդ է, վերին աստիճանի բարի մարդ է։ Ափսոս, հազար ափսոս... Ես ձեզ հիշում եմ. դուք այն ժամանակ շատ փոքր էիք։ Ձեր հայրն երբեմն բերում էր ձեզ գրասենյակ։ Այժմ մեծացել, հասունացել եք։ Ներեցեք, դուք Բաթումում պաշտո՞ն ունիք։

— Ոչ։

— Գիտեմ, որ համալսարան էիք գնացած. ավարտե՞լ եք։

— Ոչ,— հապաղելով պատասխանեց Շահյանը։

— Ինչո՞ւ։

— Հիվանդությանս պատճառով ուսումս կիսատ թողի:

— Հա՞... Ինչո՞վ էիք հիվանդ։

«Սա ի՞նչ հարցուփորձ է»,— նեղացած մտածեց Շահյանը և պատասխանեց.

— Վատառողջ էի... կրծքացավ ունեի։

— Հա՜... շատ պարապելուց, երևի։ Ներեցեք, հապա Բաթումում ի՞նչ էիք շինում։

Շահյանը զգաց, որ արդեն անտանելի է դառնում այդ երկար ու բարակ հարցուփորձը, բայց և այնպես այդ հարցին էլ պատասխանեց.