Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր մարդիկ բաժանվում են իրարից։ Եվ ի՞նչ բան է հրաժեշտի ժամը, որ այսքան ծանր տպավորություն է թողնում մարդու վրա։ Ինչևիցե, փիլիսոփայություններ անելու ժամանակ չէ։ Խմենք մի բաժակ էլ։ Գիտե՞ք՝ ում կենացն եմ ուզում խմել, պարոն Մինասյան։ Ուզում եմ խմել իմ մեծ որդուս կենացը, որը...

— Ի դեպ,— վրա բերեց Մինասյանը։— Օր. Սահակյանից այսօր միայն իմացա, որ Արմենակ Մարությանը ձեր որդին է եղել։

— Դուք ճանաչո՞ւմ եք նրան։

— Ես նրա հետ ծանոթացել եմ Լայպցիգում, ուսանողական մի ժողովում։

— Սպասեցեք։ Մի՞թե դուք եղել եք Գերմանիայում,— հարցրեց Մարությանը զարմացած։

— Ես գյուղատնտեսությունը սովորել եմ Ֆրանսիայում, բայց Գերմանիայումն էլ եմ եղել։

— Ա՛յ քեզ բան,— բացականչեց Մարությանը կատարելապես ապշած, դիտելով Մինասյանի արտաքինը։— Իսկ ես կարծում էի, թե դուք ձեր գյուղից դուրս աշխարհ չեք տեսել, որովհետև մեզանում տեսնված բա՞ն է միթե գնալ Եվրոպա և վերադառնալ առանց ցիլինդրի և ձեռնոցների։

— Ես կարծում եմ, որ այդ բանում ձեզ ինձնից առաջ պիտի համոզեր ձեր որդին,— նկատեց Մինասյանը ժպտալով։

Մարությանը լրջորեն բռնեց նրա թևից, արմունկից բարձր, և, մտքով նրա կողմը, հայացքը կենտրոնացրեց Աշխենի վրա։

— Բանն այն է, բարեկամ,— ասաց նա,— որ որդուս մինչև այժմ բացառություն էի համարում, իսկ այժմ տեսնում եմ, որ այդ բացառությունն իր երկվորյակն ունի և այդ երկվորյակը ճարել է իր երրորդյակը,— եթե կարելի է այսպես ասել,— թեև բոլորովին ուրիշ, բայց նույնքան հանրօգուտ ասպարեզում... Ասում եք՝ Գերմանիայում էլ եք եղել։ Ես ինքս եղել եմ Գերմանիայում, երբ որդիս ուսանող ժամանակ հիվանդացել էր։ Իմ որդին... Գիտե՞ք դուք այժմ որտեղ է նա։

— Օր. Սահակյանը պատմեց։

— Լա՞վ է արել, թե ոչ։