Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նրա արածը պատիվ է բերում նրան և ձեզ։

— Ես կարծում եմ։ Գոնե ես, իբր հայր, պարծենում եմ նրանով։ Հա՛յ գիդի հա՛, որ հիշում եմ նրա հետ ունեցած վիճաբանություններս... Նրա՛ կենացը, պարոն Մինասյան։ Նրա կենացի հետ միասին խմում եմ և ձեր կենացը։ Գուցե ձեր և որդուս արածը չնչին բան է, բայց եթե մեր բոլոր կարող երիտասարդներից ամեն մեկը մի-մի այդպիսի չնչին բան աներ, որպիսի՜ հսկայական գործ դուրս կգար վերջը... բաժակները խփենք իրար։ Ա՛խ, ինչքան նեղանում եմ, որ այստեղ ենք միայն ծանոթանում...

21

Դուրսը, ընդարձակ պլատֆորմի ծածկոցի տակ, խուլ արձագանք տալով, լսվեց զանգի զրնգզրնգոցը։ Դա նշան էր, թե գնացքը դուրս է եկել մերձակա կայարանից։

Եվան ցնցվեց և անզգա հայացքով նայեց շուրջը։

Դահլիճում իրարանցում ընկավ։

Մինասյանը շտապով վեր կացավ։

— Ներեցեք,— ասաց,— պետք է տոմսակ վերցնել։

— Սպասեցեք, ի՞նչ եք շտապում, դեռ ժամանակ շատ կա,— պահեց նրան Մարությանը և նստեցրեց իր տեղում, իսկ ինքը վեր կացավ։— Նստեցեք, ես իսկույն գալիս եմ։ Օրիորդ,— դիմեց նա օր. Սահակյանին,— խնդրում եմ, մի թողնեք, որ Եվան այդպես նորահարսի պես նստած մնա։

Եվ նա շտապով հեռացավ։

Եվան բարկացոտ հայացքով նայեց նրա ետևից։

Օր. Սահակյանը նայեց նրա դեմքին և ծիծաղեց։

— Լսեցի՞ր, ինչ ասաց հայրդ, ուրեմն խոսիր,— ասաց նա։

Եվան այս անգամ հանգիստ հայացքով նայեց օր. Սահակյանին և դարձյալ լուռ մնաց։

— Լավ, ինչո՞ւ չես խոսում։

— Ի՞նչ խոսեմ,— վերջապես արտասանեց Եվան խաղաղ ձայնով։

— Ես ի՞նչ գիտեմ. լռությունը քեզ չի սազում։

— Զարմանալի է,— նկատեց Թեկլեն դժգոհությամ, ըստ երևույթին անկարող լինելով այլևս զսպել իրեն.— այ, միշտ այդպես է, ինչպես որ կա. չխոսկան հարս է դառել