Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայեց Աշխենի լուրջ, գունատ դեմքին և տեսավ, որ նրա վայր թողած աչքերն էլ թաց են եղել։

— Ե՛վա, վերջապես, դա բանի նման չէ,— ասաց հայրը,— դատարկ բաժակը փոքր-ինչ սաստկությամբ դնելով սեղանի վրա։— Հավատացիր, կատակ չեմ անում, ականջս այն աստիճան սովորել է ձայնիդ, որ ուղղակի անտանելի է ինձ համար, երբ չես խոսում։

Եվայի աչքերի կոպերը դողդողացին։

— Հայրիկ, դու ինձ նեղացնում ես,— արտասանեց նա լացակումած ձայնով և շուռ եկավ աթոռի վրա։

Մարությանը լռեց և տխուր մտահոգությամբ մնաց նայելիս աղջկա դեմքին։

Թեկլեն վիրավորված հանգստությամբ նայում էր այս ու այն կողմ և երբեմն-երբեմն անհաշտ հայացքներ էր նետում Աշխենի վրա։

Օր. Սահակյանը կարեկցությամբ նայում էր Եվային և, հակառակ իր սովորության, թե տխուր էր և թե հենց սկզբից տրամադրություն չուներ խոսելու։

Մինասյանը, իբրև օտար, նույնպես նայում էր Եվային, և նրան հիացնում էր այդ աղջկա անբիծ գեղեցկությունը, որ այս անգամ, տխրության մեջ, ինչ-որ տրագիկական-մելամաղձիկ դրոշմ էր կրում։

Իսկ Շահյանի թախիծն այն աստիճան սաստկացել էր, որ նա մինչև անգամ կորցրել էր զգալու ընդունակությունը։

Այնինչ, Աշխենը, հորեղբոր խոսքերի զորեղ ազդեցության տակ, չէր իմանում, թե ինչ է կատարվում շուրջը:

— Կարծեմ, գնացքն արդեն եկել է,— ասաց Մինասյանը։

Մարությանը հանկարծ սթափվեց իր մտախոհ դրությունից։

— Ա՜, արդե՞ն,— արտասանեց նա և մեքենայաբար վեր կացավ տեղից։

Նրա հետ վեր կացան և մյուսները։

Դահլիճում իրարանցումը սաստկացել էր։ Դեպի պլատֆորմ տանող դուռն անդադար բաց ու խուփ էր լինում, և ներս էին մտնում ամեն տեսակ մարդիկ. ձմեռվա վերարկուների մեջ կոլոլված, ճամպրուկներով և բազմազան փաթեթներով: Դահլիճում գտնված մարդիկ իրենց հերթին,