Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինասյանի ձեռքը, չմոռանալով մի անգամ ևս կրկնել, որ Աշխենը շուտ-շուտ նամակ գրի իրենց։ Բայց և այնպես նրա աչքերը լիքն էին արտասուքով։

Հետո մոտեցավ Շահյանը և, հազիվ սեղմելով Աշխենի և ընկերոջ ձեռքը, շտապեց ամենից առաջ դուրս գնալ վագոնից։

Ամենից վերջը Եվան տվեց իր հրաժեշտը հեռացողներին։ Նա ոչ մի խոսք չարտասանեց, միայն կամաց փաթաթվեց Աշխենի վզովը և դեմքը սեղմեց նրա կրծքին։ Մի վայրկյան նրա ուսերը սաստիկ ցնցվեցին։

Աշխենի աչքերը վաղուց արդեն լցված էին արցունքով։ Նա նույնպես ոչ մի խոսք չկարողացավ արտասանել. միայն դողդողացող շրթունքները երկար ժամանակ սեղմած պահեց Եվայի դեմքի վրա, ականջի մոտ։

— Բավական է, բավական է,— կանչեց Մարությանը, տեսնելով, որ նրանք չեն ուզում բաց թողնել իրար։— Շուտով երրորդ զանգը կտա։

Եվան հանկարծ թողեց Աշխենին և, առանց նայելու նրան, դուրս վազեց վագոնից։

Մարությաններն ու օր. Սահակյանը դուրսը խմբվեցին վագոնի լուսամուտի տակ։ Շահյանը չքացել էր. նրա բացակայությունը ոչ ոք չնկատեց էլ։ Աշխենը գլուխը դուրս էր հանել լուսամուտից։ Նրա ետևից երևում էր Մինասյանի գլուխը։ Աշխենի և Եվայի աչքերը սաստիկ կարմրել էին։ Երկու կողմից էլ կցկտուր խոսքեր էին փոխանակվում։

Զանգն երրորդ անգամ զրնգզրնգաց։ Մի կոնդուկտոր, վառ լապտերը ձեռքին, շտապ քայլերով անցավ վագոնների լուսամուտների տակով։ Վագոնների դռներն սկսեցին չրխկոցով փակվել։ Լսվեց ավագ կոնդուկտորի սուլիչի դողդոջուն սուր ձայնը։ Շոգեմեքենան սուլեց և տնքաց։ Վագոնների երկայն շարքը հանկարծ ցնցվեց, մի վայրկյան մնաց անշարժ, հետո սահուն կերպով սկսեց առաջ շարժվել։

— Գնա՜ք բարյավ, բարի՜ ճանապարհ,— վերջին անգամ կանչեց Մարությանը, գլխարկը շարժելով։

Ամենքը մեխված մնացին իրենց տեղում, մինչև որ վագոնների մութ շարքը միախառնվեց գիշերային մթության հետ, հեռվից ուղարկելով միայն անիվների հետզհետե խլացող գռգռոցն ու շոգեմեքենայի արագ հևքը։