Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
1

Օրերն օրերի, շաբաթները շաբաթների ետևից անցնում էին Շահյանի համար դանդաղ, միակերպ, տաղտկալի։ Իսկապես ոչ մի պատկեր չունեցող իր կյանքը նա պատկերավորում էր այնպես, որ կարծես ինքը խրված լիներ անշարժ, կպչուն ճահճի մեջ և քանի գնում, այնքան խորն էր խրվում, մինչև որ բոլորովին կանհետանար, և ճահճի մակերեսը կհավասարվեր, ոչ մի նշան չթողնելով, թե այնտեղ, խորքում, մարդ կա թաղված։ Իր անպետքության և ապիկարության մասին ունեցած գիտակցությունն այժմ այլևս առաջվա ուժով չէր հալածում նրան։ Այդ գիտակցությունը կամաց-կամաց բթանում և փոխվում էր մի տեսակ ապատիայի, որի մեջ բանավոր արարածի կյանքը ստորանում է մինչև անբան կենդանու կյանքի աստիճանը, որի մեջ մարդը դառնում է զուտ կենդանական մի մարմին՝ առանց մտածումների, առանց հույզերի, առանց նպատակների։

Այն գիշերը, երբ Շահյանը, Մինասյանին և Աշխենին ճանապարհ ձգելուց հետո, երկաթուղու կայարանից տուն դարձավ, հորը մեռած գտավ կաթվածից։

Կես ժամ առաջ աղա Կարապետի սառած դիակը բարձրացրել և դրել էին մահճակալի վրա։ Խալաթը դեռևս հագին էր. թրքական կարմիր ֆեսն ընկած էր հատակի վրա. ձախ ձեռքը բռունցք կազմած կախ էր ընկել մահճակալից, դեմքը սառած էր ջղաձգական կծկումների մեջ։ Գլուխը բարձի