Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաք սենյակի մի ծայրից մյուսը, կամ կարդում էր մաղձով լի հոռետես-փիլիսոփաների երկերը, կամ պառկում ու քնում էր օրվա որ ժամին էլ պատահեր։

Մինչդեռ այդ ժամանակներումն էր, որ Թուրքա-Հայաստանում հանկարծ երևան եկած շարժումները խլրտումն էին ձգել հասարակության մեջ և զբաղեցնում էին մտքերն ավելի ու ավելի։ Երբեմն լրագրերի մեջ սպրդած մի չնչին լուր ձեռքից ձեռք էր խլվում, մասնավոր տեղեկությունները շրջում էին բերնե-բերան. ամեն տեղ խոսում, դատում, վիճում էին. մեկը տասն էին շինում, տասը — հարյուր։ Ինչ-որ քնած հսկայական մի բան շարժվել էր հանկարծ և իր հուժկու հոսանքի հետ քշում էր ամենքին ուր-որ... Մեռած հայության մեռած հույսերը կենդանացել էին, թեև ապագան ծածկված էր անթափանցելի մռայլ քողով...

Մի անգամ, կեսօրին մոտ, երբ Շահյանը, իր սովորության համաձայն, չափում էր սենյակի երկարությունը, հաճելի խտղտանք զգալով ոտներին թույլ կերպով հագած փափուկ մաշիկների շլպ-շլպոցից, ծառան մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան։ Նա պատվիրեց, որ այդ պարոնին ներս հրավիրե հյուրասենյակ, իսկ ինքը, զարմանալով, թե ո՞վ կարող է իրեն տեսնել ուզենալ, քանի որ ոչ ոքի հետ հարաբերություն չուներ, դեն ձգեց մաշիկները, հագավ կոշիկները, շտապով հանեց խալաթը, որ հոր մահից հետո սովորություն էր արել հագնելու, հագնվեց, մի քիչ կոկվեց և դուրս գնաց հյուրին ընդունելու։

Հյուրասենյակում նրան դիմավորեց Բազենյանը, որին նա բոլորովին մոռացել էր։

— Այս էլ ես, իմ սիրելի վաղեմի բարեկամ,— մտերմական շինծու քաղաքավարությամբ ասաց Բազենյանը, երկու ձեռքով սեղմելով Շահյանի ձեռքը։ Նա հագնված էր վերջին մոդով, մաքուր, գեղեցիկ և հոտավետ օծանելիքով սրսկված։— Հավատարիմ մնացի խոստմանս և, երկար տարիների բացակայությունից հետո, վերադառնալով այս օրհնյալ քաղաքը, նորից բախտ ունեցա քաղցր տեսությանդ արժանանալու։ Եվ ի նկատի ունեցիր, սիրելիդ իմ Լևոն, որ այստեղի հին բարեկամներիցս դու ես առաջինը, որին այցելում եմ, չնայելով որ այս կողմերի գավառական մի քանի քաղաքներն