Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես իսկապես Բաթում չէի, այլ — Սոչի։ Բժիշկների խորհրդով գնացել էի այս ամառ կազդուրվելու։

Ուրիշ մի քանի հարցեր էլ տվեց Մարությանը, որից հետո արդեն իրենից սկսեց պատմել, թե ո՛րտեղից է գալիս և ո՛ւր է գնում։ Նրա երկար ու բարակ պատմությունից Շահյանն իմացավ, որ նա այդ ամառ ընտանիքով Աբասթումանումն է եղել. դրանից մի շաբաթ առաջ թողել է ամառանոցը և, Թիֆլիս վերադառնալիս, զիջելով Գորիում բնակվող իրենց մի ինչ-որ բարեկամի խնդիրքին, ամբողջ ընտանիքով հյուր է գնացել նրա տուն մի քանի օրով։ Բարեկամի տանը շատ քաղցր հյուրասիրություն վայելելուց հետո, Թիֆլիս վերադառնալուց առաջ, այդ օրն առավոտյան «ձեռաց վազել է» հենց նոր անցած կայարանի մոտ գտնված սեփական այգիները դիտելու, որոնց այնքան էլ լավ դրության մեջ չի գտել, և այժմ վերադառնում է Գորի, որտեղ, կայարանում, այժմ սպասելիս պիտի լինի ընտանիքը՝ այս միևնույն գնացքով ուղղակի Թիֆլիս գնալու համար։

— Բայց չեմ կարծում, որ այս գիշեր նրանք կամենան Թիֆլիս գնալ, որովհետև եղանակը սարսափելի է, և մեր բարեկամն էլ չի թողնիլ,— ավելացրեց Մարությանը։— Նայեցեք մեկ կոշիկներիս, գյուղից կայարան գալիս՝ ոտներս ուղղակի չէի կարողանում հանել ցեխի միջից։

Մինչև որ գնացքը «Գորի» կայարան կհասներ, ինքնակոչ ծանոթն իր շատախոսությամբ փառավորապես ձանձրացրեց Շահյանին։ Մարությանը պատկանում էր այն մարդկանց կարգին, որոնց համար լռությունը մի տանջանք է, և եթե մարդ չգտնեն, որ իրենց լսի, կխոսեն իրենք իրենց հետ և իրենք էլ կլսեն իրենց։

Մասնավորից ընդհանուրին անցնելով, Մարությանը խոսում էր մամուլի, գրականության, կուսակցությունների, թատրոնի, առևտրի, քաղաքական անցքերի, ազգային գործերի մասին։ Պարզ երևում էր, որ նա ջերմ կերպով հետևում էր այդ բոլորին, և նրա ունեցած տեղեկությունները բավական հիմնավոր էին։ Այդ ընդհանուր խնդիրներն էլ կամ ամենևին չէին հետաքրքրում Շահյանին, կամ նրա ունեցած տեղեկություններն այնքան վայրիվերո էին, որ նա չէր համարձակվում վիճաբանության բռնվելու Մարությանի հետ,