Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծայրահեղությունից ընկնում են մյուս ծայրահեղության մեջ։ Այդպիսիներից մեկն ես եմ, երևի։ Գիտես, թե ինչ էի առաջ, բայց այժմ... Է՛հ, ես իմ մասին սկսեցի խոսել։ Չեմ սիրում,— կանչեց Բազենյանը և, վեր կենալով, մի ծխախոտ վառեց։— Ավելի լավ է քո մասին պատմես։ Ի՞նչ ես անում, ի՞նչ չես անում։

— Իմ մասին խոսելն ամենևին հետաքրքրական չէ,— ասաց Շահյանը շփոթվելով։— Ես, այ, այսպես անգործ և անպետք ընկած եմ տանը։ Դու քո՛ մասին պատմիր։ Որտեղ էիր այսքան ժամանակ, ի՞նչ էիր անում, այդ ի՞նչ փոփոխություն է, որ կատարվել է քո մեջ։

— Է՜, այդ մասին, որ խոսեմ, օրերով պետք է նստեմ քեզ մոտ. դա ձեռաց պատմելու բան չէ։ Բայց այժմ...

Բազենյանը զգուշորեն նայեց հարևան սենյակի դռանը և հարցրեց ձայնը ցածրացնելով.

— Այնտեղ խո մեզ ոչ ոք չի՞ լսում։

Շահյանը զարմացած նայեց նրա խորհրդավոր դեմքին։

— Չէ։ Ի՞նչ է որ։

Բազենյանը, շարունակելով նայել հարևան սենյակի դռան կողմը, նստեց Շահյանին մոտիկ և ձայնն ավելի ևս ցածրացրեց.

— Ես քեզ, իբրև վաղեմի մտերիմ ընկերոջս, մի բան պիտի հայտնեմ, որը հույս ունիմ մեր մեջ կմնա։

Եվ Բազենյանը խորհրդավոր եղանակով ու մութ ակնարկներով սկսեց պատմել արտասահմանում կազմակերպված հայկական մի ինչ-որ կոմիտեի մասին, որի նպատակն է հեղափոխություն առաջ բերել Թուրքիայի հայկական գավառներում։ Հայտնեց, որ ինքն այդ կոմիտեի գործոն անդամներից մեկն է և եկել էր Կովկաս հատուկ այն նպատակով, որ տեղական մասնաճյուղեր կազմե, դրամ հավաքե և զենք ուղարկե։ Ասաց, որ գործն արդեն սկսված է, ապացույց բերեց վերջին անցքերը, բացատրեց այդ անեցքրի նշանակությունն ապագայի համար, մտավ նույնիսկ պետությունների դիվանագիտության նրբությունների մեջ և, վերջ ի վերջո, ազատ և անկախ հայրենիքի մի սիրուն պատկեր դրեց ապշած Շահյանի առաջ: