Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդեն անձնասպանություն կլինեի գործած, որովհետև չգիտես, ախր, թե ի՛նշ զարհուրելի, ի՛նչ անտանելի կյանք է այս, որ ես եմ վարում։ Գիտակցություն ունիմ, գուցե, ավելի, քան պետք է ունենան ինձ նման ողորմելի արարածները, բայց կամք չունիմ, բնավորություն չունիմ, մի խոսքով՝ փալաս եմ, ամոթ է ասել, նույնիսկ աղտոտությունը սրբելու անարժան մի փալաս...

Բազենյանը սկսեց հանգստացնել նրան, լրջորեն համոզելով, որ իզուր է այդպես վատաբանում իրեն, որ նրա պես ազնիվ հոգու և ձգտումների տեր երիտասարդներն, ընդհակառակը, շատ պիտանի են ազգին, իսկ այդպիսի երիտասարդներ շատ չես գտնիլ: Նա ասաց, որ Թիֆլիսում, փոքրիշատե ունևոր դասակարգի մեջ, միայն Շահյանին է հանդիպում, որ խոշոր նվիրաբերություն է անում «սուրբ գործի» օգտին — մի բան, որի համար հայրենիքի թշվառ զավակները երախտապարտ պիտի մնան նրան։ Ինքը, Բազենյանը, փող չունի՝ գործով է օգնում, Շահյանը փող ունի՝ փողով է ուզում օգտակար լինել, մի՞թե այդ միևնույն չէ. օգնությունը օգնություն է՝ փողով թե գործով. մեկը մյուսից ավելի է և մեկը մյուսին լրացնում է։ Այստեղ Բազենյանն երկար ու բարակ փիլիսոփայության մեջ մտավ, բացատրելով փողի և գործի փոխադարձ ուժն ու նշանակությունը։

Չնայելով որ գինին արդեն բավական կպել էր երկսին էլ, խոսակցությունն ամենևին թեթև բնավորություն չէր ստանում. ընդհակառակը, նրանք ավելի ու ավելի խոր փիլիսոփայությունների մեջ էին մտնում, մանավանդ Շահյանը, որի հիվանդությունն էր վերացական դատողություններով զբաղվելը։

Խոսակցությունը զուտ նեղ, մտերմական բնույթ ստացավ ճաշից հետո, երբ նրանք, փափուկ բազկաթոռների վրա իրար դեմուդեմ նստած, թանկագին սիգարների ծուխը դեպի առաստաղն էին բարձրացնում։ Շահյանն ամենայն անկեղծությամբ ասում էր այն բոլորը, ինչ որ սրտում ուներ, և համոզված էր, թե Բազենյանն էլ ինչ որ ասում էր, իր սրտինն էր ասում։ Մինչև անգամ ամենևին կասկած չտարավ այն մասին, որ երբ նորից հարցրեց, թե ինչպես է եղել, որ նա այդպես փոխվել և իրեն «սուրբ