Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործին» է նվիրել,— Բազենյանը հառաչելով պատասխանեց, թե պատճառը գլխավորապես էլզասցի մի աղջիկ էր, զարմանալի, նմանը չունեցող մի աղջիկ, որը գրեթե խելագարված էր «ռըվանշի» վրա։

— Նա կարող էր երկրորդ Ժանն դ’Արք լինել, եթե հիվանդ չլիներ,— շարունակեց Բազենյանը։— Նրա հետ ծանոթացա Ցյուրիխում։ Ասում էր, թե փախել է Ստրասբուրգից պարզապես նրա՛ համար, որ այլևս չտեսնե «գարեջրի հոտած տակառների» երեսը։ Այդպես էր անվանում գերմանացիներին, որոնք, հիրավի, հոտած ազգ են և սարսափելի բռնակալ։ Ինքը հասարակ ծնողների զավակ էր, բայց բավական զարգացած։ Եղբայրը ծառայում էր գերմանական զորքի մեջ, և դու տես բախտի խաղը — թունդ գերմանոֆիլ էր։ Դրա համար եղբորն ավելի էր ատում, քան թե իրեն՝ երկաթե կանցլերին։ Եղբոր անունն անգամ չէր ուզում լսել, իսկ երբ խոսակցություն էր բացվում նրա մասին, ուղղակի դավաճան էր անվանում նրան և դառնությամբ գանգատվում էր, որ իր պես թշվառ քույր չկա աշխարհիս երեսին։ Ես չեմ պատմիլ, թե ինչպես ծանոթացա նրա հետ, ինչպես մոտեցանք իրար,— դա մի ամբողջ ռոմանի նյութ կարող է լինել,— այսքանս միայն կասեմ, որ... գժվածի պես սիրահարվեցի նրա վրա։ Այո, գժվածի պես, Լևոն... Ի դեպ. դու երբևիցե սիրահարվե՞լ ես։

Այդ հարցի վրա Շահյանի աչքի առաջ իսկույն պատկերացավ Եվան և նրա սիրտը լցվեց դառն անձկությամբ։

— Ոչ,— պատասխանեց նա երկար տատանումից հետո։

— Ուրեմն երջանիկ ես։ Այո՛, երջանիկ ես, Լևոն, որովհետև սիրո պատճառած դառնությունն ավելի է, քան քաղցրությունը։ Գոնե իմ սերն ինձ մեծ տանջանք պատճառեց: Նա մեռավ, Լևոն, մեռավ՝ ինչպես մեռնում է ազատություն սիրող թռչունը վանդակի մեջ, մեռավ, ինչպես մեռնում է մայր հողից կտրված ծաղիկն օտար հողի մեջ... Հարկավո՞ր է արդյոք պատմեմ, թե նրա մահն ի՛նչ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Այսքանս բավական է ասեմ, որ մի անգամ նույնիսկ փորձեցի անձնասպանություն գործել, բայց դարձյալ նրա հիշատակն եղավ, որ ինձ փրկեց: Մի անգամ, մի հրաշալի գիշեր,— ա՜խ, այդ սիրո գիշերները, երբ լուսնի ծիծաղկոտ