Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չեմ կարողանում շորս հագնել։ Եվ վեր կենամ, ինչ անեմ։ Բժիշկն ասաց, որ մի քանի օր սենյակից դուրս չգամ, ցուրտ է, ասաց, կարող ես ձեռքդ մրսեցնել։

— Ա՛յ թե օյին է եկել գլխիդ։

— Օյին ասիր ու պրծա՞ր։ Նոր էի դուրս եկել հյուրանոցից և բարձրանում էի դեպի Գոլովինսկի պրոսպեկտ, որ տեսա, թե ինչպես ձիերը սարսափելի կատաղությամբ վերևից ներքև էին վազում։ Այն էլ տեսա, թե ինչպես կառքի մեջ նստած պարոնը և կառապանը գնդակի պես շպրտվեցին մեկն այս, մյուսն այն կողմը։ Խեղճ երխան այնպես շշկլվել էր փողոցի մեջտեղ վերևից մարդկանց բարձրացրած աղաղակների վրա, մյուս կողմից էլ քույրն այնպիսի հուսահատական ճիչեր էր արձակում, որ ես չէ՝ ով ուզում է լիներ, անկարելի էր, որ օգնության չհասներ։ Չէ՛, լավ պրծա։ Բայց ինձ խիստ ուրախացնում է այն հանգամանքը, որ երեխան անվնաս մնաց։ Նույն օրն երեխայի հայրն այցելեց ինձ հիվանդանոցում։ Ինչպիսի՜ շնորհակալություններ, երախտագիտական զգացման ինչպիսի՜ արտահայտումներ... Բայց ճիշտ ասեմ, ես ինքս չափազանց շնորհակալ կլինեի նրանից, եթե ամենևին նեղություն չկրեր ինձ այցելելու, որովհետև ձեռքիս կսկծից չգիտեի ինչ անեմ, իսկ նա կատարելապես զահլա տարավ իր շնորհակալություններով։

— Ո՞վ էր, ի՞նչ մարդ էր։

— Ազգանունն ասաց, տան հասցեն էլ հայտնեց, բայց գլխումս խելք կա՞ր, որ միտս մնար։ Թաթուլյան ասաց, Թումանյան ասաց, չեմ հիշում, ճշմարիտ։ Աշնանային ճանճն տեսել ես՞, որ ականջիցդ քշում ես՝ ճակատիդ է նստում, ճակատիցդ քշում՝ քթիդ է նստում։ Այդպիսի մի ճանճի տպավորություն թողեց ինձ վրա։

Միջանցքից շտապ քայլերի մի ձայն և կնոջ հագուստի շխշխոց լսվեց։ Դուռն ուժգնորեն բացվեց, և շտապ ներս մտավ մի հաղթանդամ կին՝ մոխրագույն ծանր մուշտակով, որ իջնում էր մինչև ոտների ծայրերը, և նույն գույնի մորթե գլխարկով, որ չափազանց փոքր էր թվում ծոծրակի վրա շքեղորեն հավաքված սաստիկ հարուստ մազերի հետ համեմատած։ Ըստ երևույթին, նա բուռն անհանգստությամբ ուզում