էր, որ այդ կինը կամ չի նկատում Բազենյանի այդ կոպիտ վարմունքը, կամ այնքան կրթված կին է, որ չտեսնելուն է տալիս։
Պանի Զդանևիչը մոտ մի ժամ մնաց Բազենյանի մոտ. կարծես չէր ուզում հեռանալ այդ սենյակից։ Ի միջի այլոց, ասաց Շահյանին, որ ինքն առհասարակ համակրում է հայերին, որոնց մեջ կան այնպիսի երիտասարդներ, ինչպիսին Բազենյանն է, որի հայրենասիրական նպատակներին ու գործունեությանն առիթ է ունեցել մասամբ ծանոթ լինելու։ Հետո նուրբ հետաքրքրությամբ սկսեց հարցուփորձ անել իրեն՝ Շահյանին, առաջուց ներողություն խնդրելով իր հետաքրքրության համար։ Եվ Շահյանը, զարմանալի է, ամենայն անկեղծությամբ սկսեց պատմել ինչ որ հարկավոր էր, ինչ որ ճիշտ էր։ Այդ կինը, որի գեղեցկությունը սկզբում գրեթե սարսափեցնում էր նրան, այնքան բարի, կարեկից ու բարեկիրթ կին էր երևում և իր պարզ ու փոքր-ինչ հովանավորող վարվեցողությամբ այնպիսի մի պատկառանք էր ներշնչում նրան, որ նա ամաչում էր դիմել իր սովորական զենքին — ստախոսության։ Եվ պանի Զդանևիչը լսում էր նրան այնպիսի հետաքրքրությամբ, որ կարծես մինչև անգամ շնորհակալ էր, որ խոսում էր այդքան անկեղծորեն։
— Եթե համեստությունից չէ, որ դուք այդքան դատափետում եք ձեզ,— ասաց նա ժպտալով,— ապա ես ձեզ կասեմ հետևյալը. նա, ով զգում է իր պակասությունները, կորած չէ, պետք է միայն կամքի ուժ ունենալ զգացած պակասություններն ուղղելու։ Համենայն դեպս, դուք այնքան բարի եք, որ այսպիսի դեպքերում չեք մոռանում ձեր ընկերոջը։ Ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ։ Հույս ունիմ, մենք էլի առիթ կունենանք իրար տեսնելու։ Իսկ այժմ,— նա վեր կացավ տեղից,— ներեցեք։ Պարոն Բազենյան, թո՞ւյլ կտաք, որ դարձյալ այցելեմ ձեզ։
— Պանի Զդանևիչ... չգիտեմ, ճշմարիտ, ինչո՞վ եմ արժանացել ձեր...
— Դուք թույլ եք տալիս, ուրեմն դարձյալ կգամ,— ծիծաղելով ընդհատեց պանի Զդանևիչը, արագորեն առնելով մուշտակը, ծածկեց, որի ժամանակ Շահյանը մինչև անգամ