Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարձակություն ունեցավ նրան օգնելու։— Մերսի, հրաշալի ժպիտով շնորհակալություն հայտնեց նա Շահյանին և ամուր սեղմեց նրա ձեռքը:— Ցտեսություն, պարոն Բազենյան։ Զգույշ կացեք, չմրսեք։ Ցտեսություն,— նույն հրաշալի ժպիտով վերջին անգամ դիմեց նա Շահյանին և դուրս գնաց արագ։

3

Կարճ ժամանակ խիստ անհարմար լռություն տիրեց երկու ընկերների մեջ։

— Կարծեմ, մի քիչ... սառն ընդունեցիր,— նկատեց Շահյանը։

Բազենյանը նայեց ընկերոջը, հայտնի չէ՝ զարմացա՞ծ, թե փորձող հայացքով։

— Սառը՞... Մի՞թե... Հավատացնում եմ քեզ, երբեք այնպես անհարմար դրության մեջ չէի զգացած ինձ, ինչպես այժմ... Ո՜րտեղից որտեղ... Ամենևին չէի սպասում... այնքա՜ն պատվական կին է...

Շահյանը ժպտաց, բայց իսկույն էլ զսպեց ժպիտը։

— Այո՛, պատվական կին է,— ասաց նա լրջությամբ և, կարճ լռությունից հետո, ավելացրեց։— Գիտե՞ս ինչ։ «Միխայլովո» կայարանում քեզ որ տեսա նրա հետ, ճիշտ քեզ ասեմ, կասկած տարա ձեր հարաբերությունների մասին։ Բայց այժմ իմ այդ կասկածն արդարացնող ոչ մի նշան չտեսա, գոնե քո կողմից։ Դու մինչև անգամ կոպիտ լինելու չափ սառն էիր դեպի նա։

Բազենյանը տխրությամբ հառաչեց։

— Է՜, բարեկամ, դեռ չգիտես, թե որքան խորտակված է սիրտս։ Նրա մահից հետո, որին առաջին անգամ սիրեցի և որին աչքիս առաջ գերեզման դրին, աստված է վկա, Լևոն, այլևս ոչ մի կին չի գալիս։ Իմ տեղ, որ ուրիշը լիներ, առանց ի չարը գործ դնելու չէր թողնիլ այս կնոջ բարեկամությունը, բայց ես... Քեզնից ծածկելու ոչինչ չունիմ, Լևոն։ Պանի Զդանևիչի հետ ծանոթացել եմ Ղրիմում և ամբողջ ճանապարհը միասին ենք եկել։ Ճանապարհին հետզհետե տեսնում էի, որ նրա համակրանքն ավելի է, քան մի պարզ