Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղ նրա մեջ սկսել էր գլուխ բարձրացնել մի նոր, անծանոթ և ճնշող զգացում։ Նախա՞նձ էր այդ, չկամությո՞ւն, թե՞ մի ուրիշ բան,— աստված գիտե. բայց կարծես, այնքան էլ նրա սրտովը չէր, որ Բազենյանի ձեռքով ազատված երեխան Մարությանի որդին էր։ Եվ, զարմանալի է, ամենևին չէր ուզում, որ Բազենյանը գնա Մարությանների տուն...

— Բարև ձեզ, պարոն Շահյան,— հանկարծ ինչ-որ կանանցի ձայն դիպավ նրա ականջին, և նա մեքենայաբար կանգ առավ։

Նրա առաջ կանգնած էր օր. Սահակյանը աշակերտական մի կույտ տետրակներ կռան տակին։

— Չճանաչեցի՞ք,— հարցրեց օր. Սահակյանը՝ ժպտալով իր համարձակ ժպիտով։

Շահյանը շփոթվեց։

— Ինչպես չէ... ներողություն...

— Հիշո՞ւմ եք, մենք ծանոթացել ենք երկաթուղու կայարանում, երբ ճանապարհ էինք ձգում մեր բարեկամներին՝ Աշխենին և Մինասյանին։

— Այո, այո... ներողություն... Ես... ինչպես չէ, ինչպես չէ...

Եվ Շահյանը սաստկացած շփոթմունքից մինչև անգամ կարմրեց։

— Ասենք ներելի է, որ ինձ իսկույն չհիշեիք, որովհետև մենք ծանոթացել ենք այնպիսի պարագաներում, երբ մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր մեր ամենալավ բարեկամների վրա,— ասաց օր. Սահակյանր շարունակելով ժպտալ։— Ինչևիցե։ Ես այժմ,— ներողություն, որ ձեզ անհանգստացնում եմ,— ես այժմ ուզում եմ մի տոմսակ սաղացնել ձեզ վրա։

— Ի՞նչ տոմսակ։

— Կիրակի օր, այս կիրակի, մի աղքատիկ գյուղի ուսումնարանի օգտին պարահանդես ունինք, պետք է գաք։

— Պարահանդե՞ս...

Օր. Սահակյանը նայեց Շահյանի՝ մի քիչ ապուշի տպավորություն գործող դեմքին և ծիծաղեց։