Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բազենյանը երեխային կամաց հեռացրեց իրենից և վեր կացավ։

—Ի՞նչ կանգնեցիր, առաջ արի,— ասաց Մարությանն աղջկան։— Արի ծանոթացիր պարոն Բազենյանի հետ, որին դու էլ ես պարտական։

— Ա՛խ, եղբորս փրկի՜չը,— բացականչեց Եվան սաստիկ ուրախացած և վազեց դեպի Բազենյանը, թույլ չտալով, որ նա մոտենա իրեն։— Չգիտեմ ինչպես պիտի արտահայտեմ ձեզ իմ շնորհակալությունը, պարոն Բազենյան։ Դուք որ օգնության չհասնեիք, եղբայրս խո հիմա չպետք է լիներ։ Երևակայեցեք, սարսափից այն աստիճան կորցրել էի ինձ, որ բոլորովին չեմ հիշում ձեր դեմքը։ Մինչև անգամ չեմ հիշում, թե ինչպես եղավ, որ եղբայրս անվտանգ մնաց, իսկ դուք... Ա՛խ, ի՛նչ դժբախտություն... Ահա, ձեր ձեռքը դեռ կապած ունիք։

— Ի՞նչ վնաս, օրիորդ. թող մի-երկու ամիս կապած մնա։

— Մի-երկու ամի՜ս...

— Գոնե բժիշկն այդպես է ասում։

— ՉԷ՛, չէ՛, դա չափազանց շատ է։ Ինչպե՞ս կարելի է... չեմ ուզում։

— Տեսնում եք, պարոն Բազենյան, չի ուզում,— լուրջ կատակով ասաց Մարությանը,— ուրեմն ձեր ձեռքն իրավունք չունի մի-երկու ամիս կապած մնալու։ Շատ-շատ` մի-երկու շաբաթ։

— Իհարկե,— պնդեց Եվան։

— Ավելի լավ չէ՞ մի-երկու օր,— իր հերթին նկատեց Թեկլեն։

— Ո՜ւու, մայրիկս ավելի լավ ասաց. շատ-շատ՝ մի-երկու օր, այսինքն դարձյալ մի-երկու օր, որովհետև մի շաբաթ է արդեն, որ կապած ունիք ձեր ձեռքը... Ա՛խ, պարոն Շահյան,— հանկարծ բացականչեց Եվան, նոր տեսնելով Շահյանին, և արագ մոտեցավ նրան։— Դուք այնքան հեռու եք նստել, որ ձեզ չնկատեցի։ Բարև ձեզ։ Ինչո՞ւ մեզ մոռացել եք։ Համեցեք, մոտիկ նստեցեք, խնդրում եմ։

Շահյանը հենց սկզրից այնպիսի դրության մեջ էր զգում իրեն, որ կարծես ինքն առանձնապես ոչ մի նշանակություն