Շահյանը գաղտագողի դիտում էր Եվային։ Եվան կռթնել էր բազկաթոռի թիկունքին և, հայացքը Բազենյանի աչքերին հառած, լսում էր նրան ամենայն մտառությամբ։ Նրա հոնքերի միջև գոյացել էր մի կնճիռ, որ վերին աստիճանի խելացի արտահայտություն էր տալիս նրա խոշոր աչքերին:
Եվ որքան Շահյանը շատ էր դիտում Եվային, այնքան ավելի թվում էր նրան, թե Բազենյանի ճառախոսությունը սուտ է, խաբեբայություն է, անամոթ լրբություն է։ Մի ինչ-որ քննադատական և թերահավատության ոգի էր զարթել նրա մեջ. նրան խիստ հակասական էին թվում Բազենյանի վառվռուն խոսքերը նրա շիկ հագուստին և հոտավետ օծանելիքին։ Եվ Շահյանի սիրտն առաջին անգամ կասկած մտավ նրան տված իր գումարի նպատակի մասին։ Այդ կասկածն առանձին ուժ ստացավ այն միջոցին, որ երբ Մարությանը խոսք բաց արեց իր հեռացած որդու մասին և ասաց, որ նա ևս ծառայում է նույն նպատակին, ինչ որ Բազենյանը, վերջինս հանկարծ զսպեց իրեն և այնուհետև սկսեց խոսել զգուշորեն...
5
Այդ երեկո Մարությանները մի ուրիշ հյուր էլ ունեցան։ Դա օր. Սահակյանն էր։ Ըստ երևույթին, նա բոլորովին չէր սպասում, որ Բազենյանը, որի հետ մտնելուն պես ծանոթացրին նրան, այդքան ֆրանտ երիտասարդ կարող էր լինել։ Կողմնակի կերպով նա շատ խորհրդավոր բաներ էր լսել Բազենյանի մասին. ասել էին, թե Բազենյանը հայրենիքի ազատության գործին նվիրված մի երիտասարդ է, թե նա եկել է արտասահմանից այդ գործի հետ կապ ունեցող նվիրական նպատակներով և այլն, և այլն, և այդ ամենը նրա մեջ բոլորովին ուրիշ և ուրույն մտապատկեր էր ստեղծել Բազենյանի արտաքինի մասին։ Հուժկու մարմին, հսկայական հասակ, առնական կերպարանք, անճոռնի, աղքատ հագուստ — ահա այդ մտապատկերը։ Բայց այժմ այդ մտապատկերի բոլորովին հակապատկերն էր տեսնում իր աչքի առաջ։ Այդ պատճառով հենց սկզբից փոքր-ինչ կասկածանքով և բավական սառն վերաբերվեց դեպի Բազենյանը։ Քաղաքավարության համար միայն թեթև կերպով գովաբանեց