Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա քաջությունը, որով ազատել էր երեխային և նստեց Մարությանի բազկաթոռի վրա, որ տանտերն իր սովորական աղմկալի ընդունելությամբ առաջարկել էր նոր հյուրին։

— Ներեցեք,— որ այս կեսգիշերին անհանգստացնում եմ ձեզ,— ասաց օր. Սահակյանը:— Բայց դուք գիտեք, որ ցերեկն ես ամենևին ժամանակ չունիմ։ Ես եկել եմ երկու բանի համար։

— Նա՞խ,— հարցրեց Մարությանը, շտապով նստելով նրան մոտիկ։

— Եկել եմ նախ՝ բողոքելու, որ Աշխենից միայն այսօր եմ նամակ ստանում։

— Միայն այսօ՞ր,— զարմացավ Մարությանը։

— Միայն այսօր։ Երկու ամսից ավելի է, որ գնացել է և այժմ է միայն բարեհաճում մտաբերել ինձ։ Սա վարմո՞ւնք է. սա արդարությո՞ւն է, ձեզ եմ հարցնում, հատկապես ձե՛զ, պարոն Մարության։

— Ինչո՞ւ հատկապես ինձ։

— Որովհետև ձեր եղբոր աղջիկն է։

— Ա՛յ քեզ բան։

— Ասացեք, խնդրեմ, ձե՞զ էլ այդպես ուշ է գրել, թե՞ ամեն շաբաթ հեղեղում է ձեզ նամակներով, ինչպես պատվիրեցիք մեկնելու գիշերը։

— Ամեն շաբաթ չէ, բայց մինչև այժմ վեց-յոթ նամակ կլինենք ստացած նրանից։

— Վեց-յոթ նամա՞կ... Դե, միևնույն է, էլի, թե ամեն շաբաթ ստացել եք։ Ուրեմն իրավո՞ւնք ունիմ բողոքելու, թե ոչ։

— Կատարելապես։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ հատկապես ինձ եք բողոքում։ Ա՛յ, բողոքեցեք։

Եվ Մարությանը ծիծաղելով մատնանիշ արավ աղջկան։

— Եվայի՞ն։— Օր. Սահակյանն ամբողջ մարմնով արագորեն դարձավ դեպի Եվան, ժպտաց և ցուցամատով կամաց խփեց նրա կզակին։— Հա-ա՞, Եվա, քեզ բողոքե՞մ։

Եվան գլուխը փոքր-ինչ ետ գցեց, որ ազատվի նրա անտեղի փաղաքշանքից, բայց ծիծաղեց։

— Ում ուզում ես բողոքիր,— նկատեց նա,— բայց ավելի լավ չի՞ լինի ասես՝ ինչ է գրում։