Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր ձեռքի տակ է մեծացել,— ավելացրեց նա լրջությամբ,— բայց իրեն դաստիարակողն, այսպես ասած, ինքն է եղել։

— Թողեք, որ այդ մենք գիտենանք, պարոն Մարության,— ընդհատեց նրան Բազենյանը։— Ես շատ լավ ծանոթ եմ մեր ընտանիքներին և այդ ընտանիքների մեջ մեծացած աղջիկներին, և եթե ձեր ընտանիքն էլ նման լիներ իմ ճանաչած ընտանիքներին, ապա շատ պիտի զարմանայի հարգելի օրիորդի՝ ձեր եղբոր աղջկա մասին ասած խոսքերի վրա։

— Ինչո՞ւ։

— Որովհետև հայ աղջկանց և մի որևէ վեհ իդեալի միջև, որպես իդեալի ծառայում է ձեր եղբոր աղջիկը, այնքան նմանություն կա, որքան դատարկ տակառների և ցորենով լի հասկերի միջև։

Եվան, որ առանձին հետաքրքրությամբ լսում էր Բազենյանին, ուզեց բան ասել, բայց լռեց։

— Հայ աղջիկները,— շարունակեց Բազենյանը,— ընդհանրապես առած, անգույն, չնչին, դատարկ արարածներ են, հեռու ամեն իդեալից։

Օր. Սահակյանը հոնքերը սաստիկ բարձրացրեց և նայեց կողքին նստած Եվային կոմիկական տարակուսանքով։ Հետո շատ նուրբ ժպիտով և վերին աստիճանի մեղմորեն դիմեց Բազենյանին.

— Ներողություն, հարգելի պարոն, ինձ թվում է, թե ձեր նկատողությունը փոքր-ինչ... Ինչպե՞ս ասեմ, որ անքաղաքավարի չնկատվեմ... փոքր-ինչ, այսպես ասած, քաղաքավարի չէր, եթե ոչ իմ, գոնե այս օրիորդի վերաբերմամբ, որ նույնպես հայ աղջիկ է և նստած է ձեր առաջ։

Բազենյանն ամենևին չշփոթվեց օր. Սահակյանի այդ նկատողության վրա և առանձին եռանդով դարձավ Եվային.

— Խնդրում եմ, ներեցեք ինձ, օրիորդ։ Ես այնպես եմ ընդունում, որ մեր խոսակցությունը բոլորովին լուրջ բանի մասին է և, բացի դրանից,— ավելացրեց Բազենյանը ժպտալով,— ձեզ անշուշտ հայտնի պետք է լինի այն կանոնը, որ ներկա եղողները միշտ բացառություն են կազմում։ Իմ նկատողությունը վերաբերում էր...

Եվան արագությամբ ընդհատեց նրան.