Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
6

«Հենց առաջին օրից, երբ ոտք կոխեցի այս գյուղը, հուսահատվելու չափ հիասթափվեցի,— սկսեց կարդալ օր. Սահակյանն Աշխենի բավական երկար նամակի այն տողերից, որտեղից հարմար էր համարել կարդալ։— Մարդիկ տեսա, որոնք ապրում են նրա՛ համար միայն, որ ստիպված են ապրել։ Մարդիկ տեսա, որոնց անասուններից զանազանել կարելի է նրանով միայն, որ խոսում են։ Անծա՜յր չքավորություն՝ միացած մտքի խուլ խավարի հետ… Անսովոր մարդը զարհուրում, վիարավորվում է անգամ իրեն նման արարածների այս պատկերը տեսնելով։ Ա՜խ, այդ աղքատությունը… Դու սովոր ես աշակերտուհիներիդ մազերը միշտ կարգին սանրած, մաքուր հագնված տեսնել, և եթե մեկը մի օր մաքուր թաշկինակ չի ունենում, առանց ճաշի ես թողնում։ Բայց իմ աշակերտուհիները շոր անգամ չունին իրենց խեղճ մարմինը ցրտից պատսպարելու համար։ Ամեն տեղ կան վաշխառուներ, բայց այդ ցեցերի ավերածությունը գյուղերում արդեն չափից դուրս զգալի է։ Սակայն, եթե ընդհանուրի աղքատության պատճառները որոնելու լինենք միմիայն վաշխառուների գործունեության մեջ, դրությունն էլի այնքան ցավալի չէր լինիլ։ Այդ պատճառները, որքան ես կարողացա նկատել, բազմաթիվ են և բազմադիմի և գտնվում են գյուղական-հասարակական ամբողջ կազմակերպության մեջ։ Մի և ամենազորավոր պատճառն էլ այն է, որ գյուղացու վիճակը բարելավելու համար արտաքին կողմից ամենևին փորձ չկա։ Ընդհակառակը՝ արտաքին կողմից եղած միջոցները, կարծես, ձգտում են էլ ավելի ծանրացնելու նրա կացությունը։ Գյուղացին ձգված է երեսի վրա։ Նա թողնված է, որ ինքն իր ուժերին ապավինե։ Բայց նա տգետ է, կրթություն չունի, ուրեմն և անընդունակ է իր ուժերը մշակելու, որպեսզի կարողանա ինքն իրեն օգնել, չճնշվել տիրապետող կարգերի տակ։ Ժամանակն արագորեն առաջ է գնում. կարգերն, ավելի ու ավելի ծանրանալով, փոխվում են անդադար, բայց գյուղացին կանգնած է միևնույն տեղը, ուր որ գտնվում էր տասնյակ, հարյուր տարիներ առաջ։ Հարկավոր է նրան էլ առաջ մղել, որպեսզի կարողանա հարմարվել ժամանակի անողոք պահանջներին։