Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անդամների հետ և իր կողքին տեղ տվեց նրան։ Այդ ընտանիքը կազմում էին չորս հոգի. Մարությանի կինը — Թեկլեն, աղջիկը — Եվան, եղբոր աղջիկը — Աշխենը և չորս-հինգ տարեկան տղան — Սուրենը։

Առհասարակ հասարակությունից խույս տալով, Շահյանը միշտ խույս էր տվել մանավանդ կանանց հասարակությունից։ Նա գիտեր, որ կանանց զբաղեցնելու համար առանձին շնորհք էր հարկավոր, իսկ այդպիսի շնորհք ինքը չուներ: Կանանց մոտ եղած ժամանակ շփոթվում, կարմրում էր և չէր իմանում ինչպես պահի ձեռները։ Այդ բանը սաստիկ տանջում էր նրան, որովհետև չափազանց ինքնասեր և կասկածամիտ էր։

Այժմ նրա մոտ նստած և հետաքրքրությամբ դիտում էին նրան մի տարիքավոր կին և երկու հասունացած օրիորդ, որոնց առաջին անգամ էր տեսնում և չգիտեր, թե դրանք ի՛նչ հոգու, ի՛նչ մտքի, ի՛նչ բնավորության տեր էին։ Դրանց ներկայությունը շատ ծանր պետք է լիներ նրա համար, եթե Մարությանի ներկայությունը փոքր առ փոքր համարձակություն չներշնչեր նրան։ Իսկ Մարությանն այս անգամ նրան ներկայանում էր այնպես, որ այդ մարդու հետ կարծես ծանոթ էր շատ վաղուց։

Բանից երևաց, որ Թեկլեն և Եվան պակաս հետաքրքրվող ու շատախոս չեն եղել Մարությանից։ Մի կողմից Մարությանը, մյուս կողմից Թեկլեն, երրորդ կողմից Եվան այնքան բաներ էին հարցնում, որ նա չէր իմանում որի հետ խոսի, որի հարցին պատասխանի։ «Որտեղից են հավաքվել այս շատախոսները»,— մտածում էր նա ժպտալով և զարմանքով զգում էր, որ եթե ամբողջ օրերով, այդպես նստած, խոսի նրանց հետ, երբեք չի ձանձրանալ։ Մինչդեռ մի կես ժամ առաջ էր, որ նա վերին աստիճանի ձանձրացել էր Մարությանի շատախոսությունից։

Իսկույն երևում էր, որ Մարությանի ընտանիքն ինտելիգենտ ընտանիքներից էր։ Մամուլի և հասարակության մեջ շոշափված առօրյա ոչ մի խնդիր, ինչպես երևում էր, բաց չէին թողնում նրանք։ Այդ միջոցին էլ նրանց խոսակցության նյութն այդ առօրյա խնդիրներն էին։ Շահյանը զարմանքով տեսնում էր, որ Մարությանը, կինը, աղջիկը