Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իմ եղբա ՜յրը,— կրկնեց նա։— Ես կերդվեմ, որ ոչ ոք չի կարող նրան հասնել... Ա՜խ, ինչպես ուզում եմ, որ այս րոպեիս այստեղ լինի նա...

Օր. Սահակյանը սիրով ու կարեկցությամբ նայեց նրան և այլևս չշարունակեց վիճաբանությունը։ Թեկլեի աչքերը լցվեցին մայրական սիրո կարոտակեզ արտասուքներով։ Իսկ Մարությանը, որի հայրական սիրտը նույնպես սաստիկ շարժվել էր դեպի իր հեռացած որդին, իրեն սրտապնդելու համար սկսեց բարձրաձայն հազալ։

— Ի դեպ, պարոն Բազենյան, դուք չե՞ք ճանաչում օրիորդի եղբորը՝ Արմենակին։

— Ոչ:

— Զարմանալի է։ Որքան իմացել եմ, դուք ևս ծառայում եք միևնույն գործին, ինչ որ նա, և ինչպե՞ս է, որ չեք ճանաչում նրան...

— Ոլրիշ ի՞նչ է գրում,— շտապով դարձավ Մարությանն օր. Սահակյանին, վախենալով, թե միգուցե նա մի նոր հարձակում սկսի Բազենյանի դեմ։— Չի՞ տխրում, գո՞հ է իր վիճակից։ Մեզ գրած նամակների մեջ իր կյանքի մասին ընդհանրապես ոչ մի դժգոհություն չի հայտնում, բայց ես հասկանում եմ, որ մեզ ուրիշ կերպ չի գրիլ, իոկ ձեզ, կարծում եմ, ճշմարտությունը պիտի լինի հայտնելիս։

— Ահա, ուզո՞ւմ եք, այդ կտորն էլ կարդամ։

— Խնդրում եմ։

Եվան, մի-երկու անգամ սենյակում անցուդարձ անելուց հետո, կամաց նստեց իր առաջվա տեղը, օր. Սահակյանի մոտ։

7

«Գյուղն ինձ վրա, ինչպես ասացի, խիստ ճնշող տպավորություն գործեց,— կարդաց օր. Սահակյանը։— Աղքատությանը զուգակից է տգեղությունը, և այդ տգեղությունն արդեն չափից դուրս աչքի է ընկնում այստեղ։ Հենց միմիայն գյուղի արտաքին տեսքը — նրա ծուռումուռ, անասունների մշտական աղբով ծածկված, ցեխոտ փողոցները, անճոռնի, շատ տեղ գետնափոր տները, վտիտ անասունները, ճռճռան