Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսուցել և օրինակ էին տվել անձնականը զոհելու ընդհանրությանը, ապրելու ուրիշների համար, և ես չէի կարող, չպետք է դավաճանեի այդ գաղափարին, մանավանդ այն ժամանակ, երբ ոտք էի կոխել այդ գաղափարին գործով ծառայելու ճանապարհի վրա։ Այժմ, երբ սկսել եմ ընտելանալ գյուղական մռայլ կյանքին, այդ գաղափարն ավելի ևս ոգևորում է ինձ, և ես կարողանում եմ զսպել մարդկային թուլություններս։ Նույնիսկ պատահում են ոգևորության օրեր, երբ ամեն բան մոռանում եմ և բուռն ձգտումով անձնատուր եմ լինում այս թշվառ մանուկների կրթության գործին — մանուկների, որոնց լոկ տեսքն անգամ անհուն կարեկցություն է շարժում։ Սարսափում եմ, որ մտածում եմ, թե ապագա այս գեղջուկներն ու գեղջկուհիներն էլ առանց կրթության կարող են, նույն խավարով շրջապատված, փտել անասնական նույն կյանքի մեջ, ինչպես փտել ու փտում են սրանց պապերն ու տատերը, սրանց հայրերն ու մայրերը։ Չէ՞ որ սրանք էլ մեզ պես մարդիկ են. չէ՞ որ սրանք մեր քույրերն ու եղբայրներն են։ Ի՞նչ խղճով պետք է տեսնենք սրանց այս ողբալի դրությունը և օգնության ձեռք չկարկառենք, երբ կարող ենք և քանի որ կարող ենք՝ ամոթալի և վիրավորական չէ՞ միթե մեզ համար, որ մեզ նման աստծո պատկերը կրող այս արարածները զրկված են աստվածային լույսից։ Խավարի այս սոսկալի թագավորությունը տեսնելով, մի՞թե այլևս հնարավոր պիտի լինի անհատի համար եսական կյանքը։

Ես չեմ ուրանում, որ մարդիկ իրար չեն օգնում։ Մարդկային կյանքն իր բոլոր ասպարեզներում փոխադարձ օգնության վրա է հիմնված։ Բայց, ավա՜ղ, այդ օգնությունը դեռ լոկ բնազդական, անգիտակցական և անուղղակի է, որպեսզի ցանկալի պտուղներ տար։ Ես կուզեի, որ մարդիկ իրար օգնեին գիտակցաբար։ Այդ քիչ է. կուզեի, որ մարդիկ ուրիշին օգնելու գործում դնեին իրենց սիրտը, հոգին, ամբողջ էությունը։ Անպայման անձնուրացություն և անձնազոհություն եմ պահանջում ես, որովհետև մարդու գոյության բուն նպատակը, հետևաբար և նրա իսկական երջանկության գրավականն, ուրիշ ոչ մի բանի մեջ չեմ տեսնում, բացի միայն սեփական եսն ուրիշի բարիքին զոհաբերելու մեջ։ Այդպես է քարոզում բոլոր խելոք գրքերից ամենախելոք գիրքը — Ավետարանը,