ու միտքն առաջ կընթանան ձեռք ձեռքի տված»։ Հրաշալի չէ՞ միթե։ Ճիշտ չէ՞ արդյոք, որ մարդիկ մտքի կրթության վրա ավելի են ուշք դարձնում, քան թե հոգու։ Ճիշտ չէ՞ արդյոք, պարոն Բազենյան, ճիշտ չէ՞ արդյոք, պարոն Շահյան, ձեզ եմ հարցնում։
— Բոլորովին իրավացի է,— ասաց Բազենյանը և նույնը մեքենաբար կրկնեց Շահյանը։
— Ոչ թե բոլորովին, այլ դեռ մի բան էլ ավելի է,— բացականչեց Մարությանն ավելի ու ավելի ոգևորվելով։— Ասում են, մեծ մարդիկ մեծ էլ պակասություններ են ունենում։ Ինչո՞ւ: Ինչո՞ւ այնպես չպետք է լինի, որ մեծ մարդիկ ոչ թե միայն մեծ, այլև առհասարակ ոչ մի պակասություն չունենան։ Ինչո՞ւ այդպես է, հարցնում եմ ձեզ։ Որովհետև մեծ մարդկանց, ինչպես և ամեն մի սովորական փոքր մարդու հոգին, այսինքն բարոյական ընդունակությունները համաչափ կերպով չեն զարգացվում մտավոր ընդունակությունների հետ։ Ասացեք, խնդրեմ. եթե մենք կարողանում ենք մեր միտքն այնպես զարգացնել, որ կարող ենք հնարել երկաթուղի, հեռագիր, հեռախոս-ձայնախոս, մահաբեր հրացան ու թնդանոթ, մի՞թե չենք կարող մեր հոգին էլ այնպես զարգացնել, որ թշվառների արտասուքը տեսնելիս անտարբեր չմնանք, նեղացածներին օգնենք, տնանկին պատսպարենք, քաղցածին հաց տանք։ Մի՞թե հոգին ավելի պակաս ընդունակ է կրթվելու և զարգանալու, քան թե միտքը։ Չեմ կարծում։ Սիստեմը, այժմյան կրթության ամբողջ սիստեմն է մեղավոր այս ափաշքարա հակասության մեջ։ Ես հավատացած եմ, որ մեծ մարդիկ կրկին չափով մեծ գործեր կլինեին կատարած, եթե նրանց հոգին զայրացած լիներ ուղեղի հետ համաչափ կերպով։ Այդպիսով մենք մի տասնևինն դար էլ առաջ կլինեինք գնացած, որովհետև շատ անգամ մի բան, որ անկարելի է լոկ ուղեղով, մտքով ըմբռնել, կարելի է հասկանալ հոգու աջակցությամբ։ Հոգին մտքի ամենալավ խորհրդատուն է. միտքն առանց հոգու — զրո, բայց միտքն ու հոգին միասին — ամեն բան։ «Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքը առաջ կընթանան ձեռք ձեռքի տված, մի հավասար գծով»։ Պարոններ, մի՞թե սա ճիշտ չէ, մի՞թե սրանք կլասիկական խոսքեր չեն։