Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեմն բոլորովին տարբեր, շատ անգամ հակառակ կարծիքներ էին հայտնում միևնույն նյութի մասին և բավական տաքացած վիճաբանում էին իրար հետ, մանավանդ — հայրն ու աղջիկը։ Երբ չէին կարողանում իրար համոզել, նրանք դիմում էին Շահյանին, իբրև մի հեղինակավոր մարդու, որի կարծիքը վճռական նշանակություն պիտի ունենար։ Շահյանը շատ լավ տեսնում էր, որ իր խելքը նրանց խելքից բարձր չի հասնում. և իր տեղեկությունները, նրանց ունեցած տեղեկությունների հետ համեմատած, շատ վայրիվերո են, ուստի այդպիսի դեպքերում ի ներքուստ խիստ ամաչում էր, որ իրեն այդքան մեծ նշանակություն են տալիս. միևնույն ժամանակ երկյուղ էր կրում, թե միգուցե իրեն անծանոթ նյութի մասին հանկարծ այնպիսի անհեթեթ կարծիք հայտնի, որ միանգամից հիասթափեցնե նոր ծանոթներին իր վերաբերմամբ։ Այդ պատճառով հարկավոր դեպքում չափազանց զգույշ էր պահում իրեն և ամեն կերպ աշխատում էր, որ պատվով դուրս գա որոգայթից, թեև նրա պատասխանները կցկտուր և անորոշ էին լինում։

Շահյանին ամենից ավելի դուր էր գալիս Եվայի վիճաբանությունը։ Եվան խոսում էր համարձակ, արագ. նախադասությունների կիսում հանկարծ կանգ էր առնում, մտառու աչքերով անթարթ նայում էր խոսակցի դեմքին, կարծես բառեր էր որոնում միտքը լավ արտահայտելու համար և շարունակում էր նույն համարձակությամբ, նույն արագությամբ. իրեն ուղղված հարցերին պատասխանում էր իսկույն, շատ անգամ բառը կիսատ թողնելով հարցնողի բերնին. հաճախ պատասխանելու տեղ ինքն էր հարց առաջարկում։ Եվ այդ բոլորի հետ ձեռներով, աչքերով, հոնքերով այնքան անհանգիստ շարժումներ էր անում, որ Շահյանին թվում էր, թե նա խոսում է ոչ միայն լեզվով, այլև ձեռներով և բոլոր դիմագծերով։

Եվան նստած էր Շահյանի դիմաց, մոր կողքին։ Կապույտ ներկված բամբակի փոքրիկ թեթև շալը վերցրել էր գլխից և դրել էր ծնկներին։ Փայլուն մազերը հյուսված էին մի հաստ գիսակի մեջ, որով գագաթի վրա մի սպիտակ գիծ էին ակոսել դեպի ետև՝ սկսած ճակատից։ Նա սովորություն