Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ օրինակ չի՛ կարող լինել, հայրիկ, որ դու բերիր,— գրեթե աղաղակեց նա զայրագին։ Օր. Սահակյանի դեմ զգացած բոլոր բարկությունը, կարծես, հոր վրա էր ուզում թափել։

— Զարմանալի է. դուք լուսինն ու ճրագը օրինակ բերիք, ես էլ փտած խնձորներն եմ բերում, ինշո՞ւ չի կարելի։

— Չի կարելի, որովհետև... մենք լուրջ բանի մասին ենք խոսում, իսկ դու... կատակ ես անում։

— Կարելի է, կարելի է, պարոն Մարության, դուք սրան մի՛ նայեք,— ասաց օր. Սահակյանը, շարունակելով ծիծաղել, և, միևնույն ժամանակ, աչքով արեց դեպի Եվան։— Մեր ժամանակում օրինակների մեջ խտրություն չեն դնում,— ավելացրեց նա բազմախորհուրդ կերպով։

— Բայց չէ՛, պարոններ,— ասաց Մարությանն այս անգամ լրջորեն։— Աղջիկս թեև մի քիչ բարկանում է, բայց ճիշտ է նկատում. այսպիսի բաների մասին պետք է լուրջ կերպով խոսել։ Ես այն համոզմունքն ունիմ, որ լավն առհասարակ անպտուղ չի անցնում, ինչքան էլ որ շրջապատը վատ լինի, որովհետև մարդիկ միշտ դեպի լավն են ձգտում։ Լավի գաղափարը...

— Ներեցեք, պարոն Մարության, ես ձեզ ընդհատում եմ,— ասաց օր. Սահակյանը, տեսնելով, որ նա տրամադիր է նորից ոգևորվել։— Այժմ ինչքան ուզում եք՝ փիլիսոփայություններ արեք, բայց իմ և պարոն Բազենյանի միջև ծագած թյուրիմացությունը չպարզվեց, իսկ ես գնում եմ:

— Գնում ե՞ք։ Է՜, ի՞նչ եք ասում։ Նստեցեք, թե աստված կսիրեք:

— Նստեցեք, ի՞նչ եք շտապում,— իր կողմից ասաց Թեկլեն:

— Չէ, չեմ կարող, արդեն ուշ է, իսկ տանն ահագին քանակությամբ տետրակներ ունիմ ուղղելու։ Ես, ախր, երկու բանի համար էի եկել. մեկը վերջացրի, մնաց մյուսը։ Իսկ այդ մյուսը — ահա՛, պարոն Մարության։

Եվ օր. Սահակյանն երեք տոմսակ դրեց Մարությանի առաջ:

— Կարծեմ, մի տոմսակ էլ որ ձեզ տամ, չեք մերժիլ, չէ՞, պարոն Բազենյան։ Բարեգործական նպատակով պարահանդես