Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի սեր աստծո, Լևոն, սպասիր։ Մեկ այսպես վերև նայիր. տես ինչպիսի ախորժելի սառնությամբ ձյունի փաթիլները նստում են երեսիդ...

Շահյանը, վերև նայելու տեղ, միայն վերարկուի օձիքը բարձրացրեց և առաջ քայլեց։

— Գրո՜ղը տանի, այս րոպեիս պատրաստ եմ տասը բանաստեղծություն գրելու,— բացականչեց Բազենյանը և հետևեց ընկերոջը։— Սիրում եմ մեկ գարնանային խաղաղ լուսնկա, մեկ էլ ձմեռային այսպիսի սպիտակ գիշերները։

Շահյանը գնում էր գլուխը մինչև ականջները ներս կոխած վերարկուի օձիքի մեջ, և նրա մարմինը մերթ ընդ մերթ սարսռում էր օդի ցրտությունից։ Մինչդեռ Բազենյանը քայլում էր մորթե գլխարկը ճակատից ետ ձգած և մուշտակի ձախ թևը միայն հագած։ Օր. Սահակյանի հեռանալուդ հետո Մարությաններն երկու ընկերներին պահել էին ընթրիքի, որի ժամանակ Բազենյանի տրամադրությունը խիստ բացվել էր օր. Սահակյանի հետ ունեցած անախորժությունից հետո։ Այժմ նա քայլում էր ուրախ և երջանիկ, քայլում էր՝ շուտ-շուտ վերև նայելով և լեզվով որսում էր երեսին թափվող ձյունի փաթիլները։ Փողոցում արդեն բավական բարձրացած ձյունը կպչում էր նրա կոշիկներին, որից նա ախորժելի խոնավ սառնություն էր զգում տաքացած ոտների մեջ։

— Ո՞վ է այդ... օր. Սահակյա՞ն է, ինչ է,— հարցրեց նա իր կողքին մռայլ լռությամբ քայլող Շահյանին։

— Վարժուհի է,— պատասխանեց Շահյանը և կարճ լռությունից հետո հարցրեց.— Ի՞նչ է որ։

— Ինչ-որ հոպոպներ ունի։

Եվ Բազենյանն սկսեց ինչ-որ օպերայից մի կտոր շվշվացնել։

Շահյանն անձայն քմծիծաղ տվեց և ոչինչ չասաց։

— Չգիտեմ, նկատե՞լ ես, Լևոն. տգեղ աղջիկները միշտ ավելի համարձակ են լինում։

— Ո՞ւմ համար ես ասում այդ։

— Այդ հոպոպավոր օրիորդի համար։ Անունն էլ «օրիորդ» է դրել... Երևի, առնվազն քառասուն տարեկան կլինի: Մի քանի անգամ քիչ մնաց «տիկին» անվանեի։ Մեր ամբողջ վիճաբանության ժամանակ ես միայն մի եզրակացության եկա.—