նամակով, ճիշտը քեզ ասեմ, ուրիշ տեսակ տպավորություն թողեց ինձ վրա։
— Ի՞նչ տպավորություն։
— Չգիտեմ, ճշմարիտ, ինչպես ասեմ, որ կարողանամ ճիշտ արտահայտել... Նա, երևի, բանաստեղծություններ էլ է գրում թաքուն... Խոսք չունիմ. գրիչը լավ, մինչև անգամ շատ լավ է շարժում, եթե միայն, իհարկե, չի արտագրում որևէ գրքից, բայց — գո՛րծ, գո՛րծ։ Ճռճռան ֆրազներով խելքահան կարելի է անել միայն Մարությանի պես միամիտներին, իսկ ինձ հարկավոր է, որ տեսնեմ, թե ինչ է շինել նա, կամ ինչ է շինում... Բայց մի ուրիշ բան եմ ուզում ասել քեզ, Լևոն։ Այդ ի՜նչ հրաշալի աղջիկ է եղել Մարությանի աղջիկը...
— Շահյանն ինքն էլ չնկատեց, թե ինչպես մի քանի քայլ առաջ ընկավ ընկերոջից։
Բազենյանը հասավ նրան և առավ նրա թևը իր միակ առողջ, ձախ ձեռքով։
— Զարմանալի է, Լևոն,— շարունակեց նա մտերմարար,— հայ աղջիկներն առհասարակ շատ անճոռնի արտաքին են ունենում. մեջքները ծռած, գլուխները առաջ ձգած,— կարծես վզակոթներին տվել են,— դիմագծերն անկանոն, կոպիտ ու բութ, շարժումները տգեղ ու ստրկական, իսկ հագուստներն այնքան անճոռնի ու անճաշակ, որ չես ուզում նայել։ Բայց Մարությանի աղջիկը... Ես մինչև այժմ էլ ապշած եմ մնացել և հարցնում եմ ինքս ինձ՝ մի՞թե դա հայ ընտանիքի ծնունդ է։ Այդպիսի աղջիկներ ես տեսել եմ միայն Եվրոպայում։ Հայ աղջիկ և այդպիսի՜ գեղեցկություն, այդքա՜ն գրացիա... Իսկ դատողությունը, անբռնազբոսիկ վարվեցողությունը, հյուրին զբաղեցնելու ընդունակությունը, այսինքն ա՛յն բաները, որոնք ամենից ավելի պակասում են հայ աղջիկներին...
Եվ Բազենյանը որքան շատ էր խոսում Եվայի մասին, այնքան ավելի Շահյանը զգում էր, որ երկյուղի և ատելության նման մի բան էր շարժվում իր սրտի մեջ դեպի ընկերը։ Մի տարօրինակ եսական զգացում թելադրում էր նրան, թե Բազենյանն իրավունք չունի խոսելու Եվայի մասին այդպիսի հիացմունքով։ Եվ նա կարեվեր ջանք էր գործ դնում,