Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնալը, մանավանդ երիտասարդական կյանքում, առաքինություն չէ և վտանգավոր բան է... Ես կատակ չեմ անում, Լևոն։ Ուզո՞ւմ ես բժշկեմ քեզ։

— Ինչպե՞ս,— դեռևս լավ չհասկանալով նրա միտքը, հարցրեց Շահյանը։

— Այնպես որ ցույց կտամ քեզ, թե ի՞նչն է երիտասարդական մելամաղձության իսկական դեղը։ Թող այդ բանում քո մենտորը լինիմ, և դու շատ շնորհակալ կլինիս ինձնից: Ուզում ես հենց այս գիշեր սկսենք, հենց այս րոպեիս...

Այլևս հարկավոր չէր, որ Բազենյանն ավելի պարզ խոսեր: Շահյանը հասկացավ նրա միտքը և խիստ վախեցավ։ Վախեցավ և, միևնույն ժամանակ, զգաց, որ Բազենյանը հասկացավ իր վախը։

— Ոչ, այդպիսի բան երբեք չեմ արել, հիմա էլ չեմ անիլ,— ասաց նա կամաց և ամաչեց իր խոսքերից։

— Այդպիսի դեպքում խորհուրդ կտամ, որ շուտ ամուսնանաս։ Միակ փրկությունն այդ է, ուրիշ ելք չկա։ Հավատացնում եմ, Լևոն, ես շատ լուրջ կերպով եմ խոսում։ Քո տեղ որ ես լինիմ, ուղղակի կխնդրեմ Մարությանի աղջկա ձեռքը։ Նա հրաշալի բան է, ախր...

Այս անգամ Շահյանը վերին աստիճանի զզվանք զգաց դեպի ընկերը։ Այն հայացքը, որով Բազենյանը նայում էր Եվայի հետ ամուսնանալու վրա, սրբապղծության պես մի բան թվաց նրան։ Ճիշտ է, որքան նա իրեն հեռու էր պահում կանանցից, այնքան ավելի ցանկությամբ և շատ անգամ ուղղակի անասնական կրքով էր նայում նրանց վրա, բայց Եվայի վրա միշտ նայել և մտածել էր իբրև սրբության վրա, որին պիտի սիրել և պաշտել միայն ամենամաքուր զգացումներով։ Նա մեկ ուզեց, որ իր այդ զգացումը հայտնի ընկերոջը, բայց Բազենյանն արդեն այն աստիճան ատելի էր նրան և այնքան ուզում էր, որ ընկերն այլևս չխոսի Եվայի մասին, որ ավելի լավ համարեց բոլորովին լռել, քան թե այդ մասին խոսելով նոր նյութ տալ Բազենյանին իրեն գրգռելու։

Բայց և այնպես, երբ նա, հազիվհազ ազատվելով Բազենյանի ձեռքից, տուն գնաց, չկարողացավ հանգիստ քնել: Բազենյանի խոսքերը սաստիկ շփոթել, սաստիկ տանջում էին նրան...