Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
10

Պարահանդեսի գիշերը, ժամը տասին մոտ, Շահյանը սյուրտուկը վերևից մինչև ներքև կոճկած, դեմքին կեղծ-անտարբեր արտահայտություն տված, բարձրանում էր Ժողովարանի սանդուղքներով։ Ահագին հայելու մեջ տեսավ իր պատկերը, ուզեց կանգ առնել, բայց ամաչեց, թե միգուցե տեսնող լինի, որ նայում է հայելու մեջ, և շարունակեց բարձրանալ։

Արդեն բավական թվով հասարակություն էր հավաքված, և դեռ գալիս էին։ Տղամարդկանց թիվն ավելի էր երևում, քան կանանց։ Բուն Թիֆլիսը բացակա էր, ինչպես լինում է հայկական ամեն մի հանդեսի ժամանակ։ Ներկա էր գավառը: Մեծ մասով աչքի էին ընկնում ղարաբաղցիք և զոկեր — առաջիններն իրենց խոշոր արտաքինով և ծիծեռնակի թևերի պես ահագին բեղերով, վերջիններն իրենց պստիկ, նիհար մարմնով և ճմշկած դեմքերով։ Շքեղորեն լուսավորված դահլիճի խորքում, այս ու այնտեղ, կենտ ու կունտ մարդիկ էին երևում։ Մեծ մասը հավաքված էր դուրսը, սրահում։ Դահլիճի դռան մոտ, սեղանի առաջ, նստած էր օր. Սահակյանը երկու կանանց հետ և տոմսակ էր վաճառում։ Շահյանը մոտեցավ նրան, ուղեց բարևել, բայց օր. Սահակյանն այնքան զբաղված էր, որ չնկատեց նրան։ Նա անցավ։ Սյան տակ տեսավ Մարությանին, որ հաստափոր մի պարոնի հետ դեմ առ դեմ կանգնած՝ խոսում էր ձեռքերի և հոնքերի արտահայտիչ շարժումներով։ Մարությանը նույնպես չնկատեց նրան։ Շահյանը մի շրջան արեց սրահում, մտավ դահլիճ, նայեց բազմաթիվ մոմերով հուրհրատին տվող ջահերին, դուրս եկավ այնտեղից, քաշվեց մի անկյուն, սկսեց նայել առջևը խռնվող բազմությանը, և արդեն տաղտկալի թվաց նրան այդ ժողովը։

Արդեն մտածում էր, որ տուն գնա, երբ հանկարծ նրա աչքովն ընկան Մարությանի կինն ու աղջիկը, որոնք առաջանում էին դեպի նա։ Մի բան, որ հենց սկզբից զարմացրեց Շահյանին, այդ Եվայի շատ պարզ, ոչ-պարահանդեսի հագուստն էր, որ գրեթե աննկատելի էր դարձնում նրան աչք ծակելու չափ պճնված-զարդարված շրջապատող տիկինների