Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց անցած գիշեր, մեր տանը, նա պատմում էր... — նկատեց Եվան անմեղ տարակուսանքով։— Ես ա՛յդ գործի մասին եմ հարցնում։

— Հա՜,— երկարացրեց Շահյանը երկդիմի ու խորհրդավոր եղանակով և լռեց։

Եվան նայեց նրան ավելի մեծ տարակուսանքով։

— Ներեցեք հետաքրքրությանս,— արտասանեց նա իր մեղավորությունը զգացող մարդու ամոթխած անվստահությամբ։— Գուցե նրա գործերը գաղտնիք են, որոնք...

— Այո, նա այդպես է ասել,— ասաց Շահյանը մեքենայաբար և իսկույն էլ զղջաց, որ այդպես պատասխանեց, որովհետև զգաց, որ այդ պատասխանով, հակառակ իր ցանկության, ավելի ևս ուժ տվեց Բազենյանի անձի այն խորհրդավորությանը, որով, ինչպես երևում էր, առանձնապես հետաքրքրվում էր Եվան։

Եվան այլևս ոչինչ չհարցրեց։ Նրանք երեքով սկսեցին անցուդարձ անել սրահում։ Թեկլեն ինչ-որ բան էր պատմում Շահյանին, բայց Շահյանր չէր լսում. նրա ուշադրությունը Եվայի կողմն էր, թեև արտաքուստ ցույց էր տալիս, թե անտարբեր է դեպի նա։ Եվան ամենևին չէր խոսում։ Վերջին ժամանակները զարմանալի փոփոխություն էր կատարվել նրա մեջ. առաջվա շատախոսությունը մոռացել էր. թե շարժումների և թե խոսակցության մեջ զսպած էր պահում իրեն, դեմքի ծիծաղկոտությունը չքացել էր. այդ դեմքի և մանավանդ աչքերի մեջ երևացող առաջվա չարաճճի աշխույժի տեղ այժմ պարզ նկատվում էր մտքի մի առանձին լարումն և ինչ-որ անհանգիստ մի տխրություն։

Մարությանը թողեց հաստափոր պարոնին, որի հետ խոսում էր սյունի տակ, և մոտեցավ նրանց։ Շահյանին նա էլ իսկույն հարցրեց, թե մենա՞կ է եկել, որտե՞ղ է Բազենյանը: «Ի՞նչ դառավ այդ Բազենյանը սրանց համար»,— մտածեց Շահյանը նեղսիրտ վիրավորանքով, տեսնելով, որ այդ ընտանիքի բոլոր ուշքն ու միտքը Բազենյանով է զբաղված: Նա զգում էր, որ եթե այդ րոպեին Բազենյանը լիներ իր տեղ և ինքը լիներ չեկողը, նրան, Բազենյանին, այդպիսի հարցումներ չէին տալ իր մասին, թերևս ամենևին չհիշեին էլ, թե աշխարհիս