Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բարև ձեզ, օրիորդ,— արտասանեց նա սովորականից ավելի բարձր ձայնով։

Օր. Սահակյանը արագ բարձրացրեց գլուխը։

— Ա՛խ, բարև ձեզ, պարոն Շահյան։ Ի սեր աստծո, մի նեղություն տամ ձեզ, հանձն առեք։

— Հրամայեցեք։

— Տեսնո՞ւմ եք այս թվերը, խնդրում եմ, գումարեցեք և տեսեք՝ իմ դուրս բերած այս վերջին գումարի հետ ճի՞շտ է, թե ոչ։ Գլուխս այնքան խառնվել է, որ մի քանի անգամ գումարեցի և ամեն անգամ տարբեր գումարներ ստացա։ Համեցեք, խնդրեմ, նստեցեք։

Շահյանը նստեց սեղանի մոտ, և, աշխատելով բոլոր ուշադրությունը կենտրոնացնել թվերի վրա, սկսեց գումարել։ Գումարը ճիշտ դուրս չեկավ օր. Սահակյանի ստացած վերջին գումարի հետ։ Կրկին գումարեց, և այս անգամ ուրիշ գումար ստացվեց։ Խնդիրը լուծել չկարողացող աշակերտի պես քրտինքը վրա տվեց նրան։ Որքան բռնի կերպով աշխատում էր ուշքն ու միտքը կենտրոնացնել թվանշանների վրա, այնքան շփոթվում էր և թղթի վրա, թվանշանների տեղ, տեսնում էր Եվային ու Բազենյանին՝ կողք կողքի նստած, իրար հետ քաղցր զրույց անելիս, ինչպես ահա այս 53 թիվը, որի 5-ը և 3-ը կտուց կտուցի տված՝ կարծես քչփչում են իրար հետ։ «Ի՞նչ են խոսում արդյոք»,— մտածում էր նա և միևնույն ժամանակ նրա շրթունքները կրկնում էին մեքենայաբար՝ «53 և 6...»։

— Չվերջացրի՞ք,— հարցրեց օր. Սահակյանը, գլուխը բարձրացնելով իր գործի վրայից։

— Չէ, դուրս չի գալիս, թվանշանները շատ են, համարիչով հեշտ կլինի... Հետո, այստեղ այնպիսի աղմուկ է տիրում, որ...

— Ինչևիցե, թողեք, սա վաղվա գործ է։

Շահյանը հանեց թաշկինակը և սկսեց սրբել ճակատի քրտինքը։

— Ինչպես երևում է, եկամուտը լավ պետք է լինի,— ասաց նա։

— Վատ չէ։ Բայց այնպե՜ս հոգնած եմ... Երևակայեցեք, առավոտից մինչև այժմ ամենևին հանգստություն չեմ ունեցել: