Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4

Ուշ գիշերին գնացքը «Թիֆլիս» կայարան հասավ։ Մարությանները վերցրին իրենց ձեռքի իրեղենները և շտապեցին դուրս գնալ վագոնից։ Շահյանն էլ առավ իր բարձն ու ճամպրուկը և հետևեց նրանց։

— Դե՛հ շուտ գնանք, որ կառք ճարենք,— ասաց Մարությանը, բռնելով փոքրիկ Սուրենի ձեռքից, և, կայարանում խռնվող ժողովուրդը ճղելով, առաջ անցավ։— Եկեք այս կողմը, չկորչեք... Այս կողմը, այս կողմը... Թեկլե՛, Աշխե՛ն, Եվա՛... այս կողմ... Պարոն Շահյանն ի՞նչ եղավ... Հա, դուք գալի՞ս եք...

Դուրսը, կայարանի հրապարակի վրա, մարդիկ և կառքեր իրար էին անցել։ Ամեն կողմից կառք էին կանչում։ Կառապանները հայհոյում էին իրար։ Վերևից բարակ անձրև էր մաղում։ Եղանակը խոնավ էր և ցուրտ։ Մարությանն իր բոլոր ընտանիքով ներս թափվեց առաջին պատահած կառքը։ Շահյանն էլ իր համար մի կառք ճարեց և, ճամպրուկն ու բարձը դնելով այնտեղ, շտապով մոտեցավ Մարությանների կառքին, որի մեջ նրանք տեղավորվելու վրա էին։

— Պարոն Մարության, դուք շատվոր եք, դժվարությամբ կտեղավորվեք, լավ չի՞ լինի, որ երկու հոգի գաք ինձ մոտ։

— Հա՛, եթե այդպիսի բարություն կանեք,— ասաց Մարությանը։

— Ես կնստեմ պարոն Շահյանի մոտ,— կանչեց Եվան և իսկույն ցած թռավ կառքից։

— Ուրիշ ո՞վ է գալիս,— հարցրեց Շահյանը։

— Սուրե՛ն, Սուրե՛ն, դու արի,— կանչեց Եվան։

Շահյանը խտտեց Սուրենին և, նրա ծանրության տակ տնքալով, տարավ դեպի իր կառքը։

Շահյանն ու Եվան նստեցին միասին և Սուրենին առան իրենց մեջտեղը։

Կառքերն առաջ շարժվեցին։

Կարճ ժամանակ Շահյանն ու Եվան լուռ էին։ Եվան իրեն հատուկ արագ շարժումներով զբաղված էր փոքրիկ եղբորը շալի մեջ փաթաթելով։ Իսկ Շահյանը մտածում էր,