կարելի է շատ գտնենք այդպիսի անհատներ, ինչպես օրինակ, գտնվեցաք դուք։ Կանանց համակրությունը մեզ համար առանձնապես մեծ նշանակություն ունի, որովհետև նրանց սիրտը մաքուր է, հետևաբար ավելի ընդունակ գործը բուռն սիրով սիրելու։ Ես ավելին կասեմ.— կանանցից մենք հերոսներ ենք սպասում։ Մի Ժանն դ՚Արք մի ամբողջ հայրնենիք փրկեց։ Հինգերորդ դարը... Ինչո՞ւ ամեն անգամ հրճվանքով ենք հիշում հինգերորդ դարը։ Նրա համար չէ՞ արդյոք, որ այդ դարում հայ կինը, թերևս ավելի քան տղամարդը, ցույց տվեց իր բուռն հայրենասիրությունը, իր հերոսական անզուգական անվեհերությունը...
Եվան անզգայաբար առավ Բազենյանի ձեռքը։
— Սպասեցեք, պարոն Բազենյան։ Այս աղմուկն անտանելի է։ Գնանք... այնտեղ... առանձին սենյակներ կան։
Եվ Եվան արագ վեր կացավ տեղից։ Նրա գեղեցիկ աչքերը վառվում էին մի տեսակ ինքնամոռացության կրակով։
Բազենյանը հետևեց նրան։
— Ներեցեք, օրիորդ. դուք եկել էիք այստեղ զվարճանալու, իսկ ես ձեզ զբաղեցնում եմ այսպիսի...
— Ո՛Ւֆ, չէ՛... եկե՛ք:
Շահյանը շատ շուտ թողեց պարահանդեսը և դիմեց դեպի տուն։ Այդ պարող երկսեռ հասարակությունը, երաժշտության այդ խլացուցիչ ձայները, շուրջը տիրող ուրախ խոսակցությունն ու քրքիջները, ժողովարանի պայծառ լուսավորությունը — ամեն ինչ ատելի էր թվում նրան, և նա այդ ամենի մեջ ճնշված, մենակ և տխուր էր զգում իրեն։ Առաջվա ծանոթ մելամաղձությունն իր ամբողջ ծանրությամբ նորից պաշարել էր նրան։ Նա շատ անգամ փորձել էր, որ հոգեկան այդ դրությունն առանձին ուժգնության էր հասնում միշտ այն ժամանակ, երբ ներկա էր լինում այդպիսի ուրախ հանդեսների:
Միքայելյան կամրջով անցնելիս նա մի-երկու րոպե կանգ առավ և նայեց ներքև։ Ձյունածածկ ափերի սպիտակին տվող զուգահեռական գծերի մեջ պարզորոշ աչքի էր ընկնում գետն՝