Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե այժմ այլևս ամենևին հաճելի չեն իրեն նրա այցելությունները, բայց իր թույլ բնավորության շնորհիվ այդ բոլորն արտահայտեց այնքան անշնորհք կերպով, որ Բազենյանն ամենևին չնկատեց էլ, թե նրա տրամադրության մեջ որևէ փոփոխություն է կատարվել դեպի ինքը։

Շահյանը կարծեց, թե Բազենյանի առաջին խոսքը լինելու է այն մասին, թե ինչո՞ւ ինքը, Շահյանը, երեկ գիշեր այնպես շուտ էր հեռացել պարահանդեսից, բայց խիստ վիրավորվեց, որ Բազենյանը հարցրեց.

— Ինչո՞ւ երեկ գիշեր պարահանդես չէիր եկել։

— Երևի արդեն շատ մեծ մարդ ես դարձել, որ ինձ չես նկատել,— ասաց Շահյանը հանգիստ ձայնով։

Բազենյանը մի րոպե անկեղծ զարմացած նայեց Շահյանի դեմքին։

―Ա՛խ, իրավ,— հանկարծ բացականչեց նա.— դու խո Մարությանների հետ էիր, որ եկա։ ինչպե՞ս մոռացել եմ։ Բայց մեղավորը Մարությանի աղջիկն է, բռնեց և այլևս բաց չթողեց։ Նա հարցրել է քեզ իմ պարապմունքի մասին, և դու ոչինչ չես ասել։ Շնորհակալ եմ գաղտնապահությանդ համար. բայց ես ինքս ամեն բան պատմեցի նրան։ Նա պարզապես գերեց ինձ։ Որ ասեմ չիմացանք, թե ինչպես անցավ պարահանդեսը, չես հավատալ։ Ինքը մագնիսացել և ինձ էլ մագնիսացրել էր իր կողքին։ Պետք է տեսնեիր, թե ինչպիսի՜ ոգևորությամբ, ինչպիսի՜ համակրությամբ էր լսում... Խոստացավ հորը խնդրել, որ մի որևէ գումարով նպաստի գործին։ Մինչև անգամ հասկացրեց, որ ինքն էլ իր կողմից պատրաստ է զոհաբերելու, ինչ որ կարող է... Մի խոսքով՝ գանձ, կատարյալ մի գանձ, որ ես ամենևին հույս չունեի տեսնելու մեր ներկա հայ աղջիկների մեջ։ Հը՞, ի՞նչ կասես, Լևոն։

Շահյանը կամաց, կարծես ուժասպառ, երեսն ի վեր պառկեց փափուկ օթոցի վրա և ձեռքերը դրեց գլխի տակ։ Նա կարեվեր ջանք էր գործ դնում, որ կարելույն չափ հանգիստ ու անտարբեր մնա։ Նա ոչինչ չպատասխանեց։

— Լսի՛ր, Լևոն, քեզ եմ հարցնում. գանձ չէ՞ այսպիսի մի աղջիկ։ Ի՞նչ անտարբեր և անքաղաքավարի մարդ ես,— բացականչեց Բազենյանը ծիծաղելով և, նրա ոտներից հանելով